Ի՞նչ է քաղցկեղը և ինչի՞ց կարող է այն առաջանալ ու տարածվել
LIFEՀարգելի՛ ընթերցող, շարունակ խոսում և լսում ենք քաղցկեղ հիվանդության մասին, լինի դա կրծքագեղձի, թոքի, մաշկի կամ այլ օրգանի: Բայց թերևս քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այն: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է քաղցկեղն ընդհանրապես, ինչպես է առաջանում, տարածվում /մետաստազավորում/ և այլն:
Ի՞նչ է քաղցկեղը
Քաղցկեղը մոտավորապես 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ լինել:
Օրգանիզմի նորմալ բջիջները
Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր բջիջներից, որոնք աճում են, կիսվում՝ առաջացնելով նոր բջիջներ և մահանում: Վաղ տարիքում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդը դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում է միայն մահացող բջիջներին փոխարինելու կամ վնասվածքները վերականգնելու համար:
Ինչպե՞ս է առաջանում քաղցկեղը
Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները մահանալու փոխարեն շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները, ի տարբերություն նորմալ բջիջների, կարող են նաև ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ: Այս երկու հիմնական հատկանիշներն են բնորոշ քաղցկեղի բջիջներին՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ:
Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի /դեզօքսիռիբոնուկլեինաթթու/ վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա յուրաքանչյուր բջջում, և այն կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Եթե նորմալ բջջում ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կամ վերանորոգում է այն, կամ ինքն է մահանում: Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջներն ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ վնասված ԴՆԹ-ով «մայր» բջիջը, որից առաջացել են:
Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ /ստանալ ծնողներից/, բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:
Հիմնականում քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք, և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել դրա մեջ կամ «մի կողմ հրել նորմալ հյուվածքին»: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենն, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունն ու արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:
Ինչպե՞ս է տարածվում քաղցկեղը
Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում են և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման գործընթացը կոչվում է մետաստազավորում:
Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները որտեղ են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է: Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Դրանց բուժումը նույնպես նույն ճանապարհներով կլինի:
Տարբեր տեսակի քաղցկեղները կարող են ունենալ բոլորովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները բոլորովին տարբեր հիվանդություններ են: Դրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են արձագանքում բուժման տարբեր տեսակների: Սա է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:
Ուռուցքներ, որոնք քաղցկեղ չեն
Ուռուցքը բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել. նրանք կարող են աճել և հասնել մեծ չափերի ու ճնշել հարակից առողջ օրգաններին և հյուսվածքներին: Բայց դրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և տարածվել դեպի օրգանիզմի այլ մասեր /մետաստազավորել/: Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում: