Բերանի տհաճ հոտ. դրանից ազատվելու միջոցները
LIFEՄարդու մասին կարծիք կարելի է կազմել ոչ միայն նրա խոսքից կամ վարվելակերպից, այլև հիգիենայից: Անխնամ արտաքինը, թափթփված հագուստը կամ բերանի տհաճ հոտը վատ վիճակի մեջ կարող են դնել ցանկացածին, սակայն դրա պատճառները միշտ չէ, որ մեր ձեռքերում են:
Բերանի տհաճ հոտը կարող է ունենալ մի շարք պատճառներ՝սկսած հիվանդություններից (ատամների կամ լնդերի, թոքերի, ստամոքսաաղիքային, շաքարային դիաբետ և այլն) մինչև արտաքին պատճառներ՝ ալկոհոլ, ծխախոտ, դեղերի շարաշահում, բերանի խոռոչի սխալ խնամք, բերանում բորբոքային պրոցեսներ և այլն:
Քանի որ պատճառները տարբեր են և մենք ոչ միշտ կարող ենք առանց բժշկի օգնության հասկանալ, թե որ պատճառը, հարկավոր է անցնել դրանից ազատվելու մի գործընթացի:
Ինչպե՞ս ազատվել հոտից
Ատամները լավ մաքրեք, դրան տրամադրեք մինչև 3 րոպե: Մաքրելուց հետո ողողեք բերանը, այնուհետև ատամնային թելով մաքրեք միջնատամնային հատվածները: Մաքրեք լեզուն, դրա համար կան նախատեսված հատուկ խոզանակներ, եթե չունեք, պահեք սովորական խոզանակ հատուկ լեզվի համար կամ օգտագործեք սովորական գդալ, կամ մատի վրա փաթատեք մարլյա, դրանով կարող եք մաքրել լեզվի վրա կուտակվող սպիտակ փառը:
Հոտից կարող եք ազատվել նաև բուսական միջոցներով: Պատրաստեք երիցուկով կամ մորիով թուրմեր, որոնք պետք է պատրաստել՝ մեկ բաժակ եռացրած ջրին ավելացնելով 1 ճաշի գդալ չորացրած բույս: Այն կարող եք օգտագործել 2-3 շաբաթ: Իսկ «էքստրեմալ» պայմաններում բերանի հոտից ազատվել կօգնի թարմ մաղադանոսը, որի վերջնահատվածները պետք է մի լավ ծամել: Մաղադանոսի փոխարեն կարող եք ծամել խնձոր կամ խմել թունդ թեյ:
Արուսիկ Տիգրանյան



