Ինչպես զարդարել ամանորյա սեղանը
LIFEԱնկասկած բոլորն անհամբերությամբ սպասում տարվա գլխավոր տոնին։ Ոմանք աշխատանքային լարվածությունից ազատվելու եւ փոքր-ինչ հանգստանալու, մյուսները բարեկամներին տեսնելու եւ ուրախ ժամանակ անցկացնելու համար, իսկ կան մարդիկ, որոնք իսկապես սիրում են ամանորյա նախապատրաստական աշխատանքները, երբ զարդարում ես տունը, տոնածառը, անգամ շքամուտքը։ Սակայն ամենակարեւորը սեղանի ձեւավորումն է, չէ որ ամանորին այն իսկապես շքեղ պետք է լինի։
Թե ինչ պետք է լինի ամանորյա սեղանին մենք արդեն տեղեկացրել ենք, իսկ այժմ ներկայացնենք, թե ինչպես է պետք զարդարել այն։

Հրե Կապիկի տարում ամանորյա սեղանը պետք է լինի առավելագույնս վառ, պայծառ, փայլերով լի։ Եվ քանի որ տան եւ սեղանի ձեւավորումը պետք է համապատասխանեցնել տարվա խորհրդանիշին, ուրեմն գերիշխող պետք է լինի հատկապես կարմիրը։ Փորձեք սեղանը զարդարելիս նախապատվությունը տալ հենց այս գույնին։ Նախընտրելի է կարմիր ծածկոց, որը կարելի է համադրել կանաչ կամ ոսկեգույն անձեռոցիկների կամ սպասքի հետ։

Չպետք է մոռանալ սեղանին ամանորյա տեսքն ապահովող կոների, տարվա խորհրդանիշ կապիկի փոքրիկ արձանիկի մասին (կարելի է անգամ աղցանները մատուցելիս կապիկի տեսք տալ դրանց)։

Սակայն պարտադիր չէ, որ ծածկոցը կարմիր լինի։ Կարելի է ընտրել սպիտակ ծածկոց, բայց այդ պարագայում անպայման պետք է ավելացնել կարմիր էլեմենտներ՝ խաղալիքներ, փոքրիկ ձմեռ պապիկներ, կարմիր անձեռոցիկ։ Ավելին, կարելի է նաեւ ուտեստները ձեւավորել լոլիկով, կարմիր պղպեղով, իսկ ուտեստներ եւ աղցաններ պատրաստելիս ընտրել կարմիր ձուկ։

Հրե Կապիկի տարում չպետք է մոռանալ մոմերի մասին, որոնք կարող եք եւ դրասանգներով ու կոներով ձեւավորել, եւ պարզապես դնել սեղանին. դրանք հարմարավետություն եւ ջերմություն կսփռեն ամբողջ սենյակում։ Ցանկալի է, որ մոմերը ձեւավորեք ինքնուրույն՝ զարկ տալով ձեր երեւակայությանը։

Այս ամենը լավ երաժշտության եւ բարձր տրամադրության հետ համադրելու դեպքում գեղեցիկ միջավայրն ու հաճելի մթնոլորտը ապահովված կլինի։
Պատրաստեց՝ Յանա



