Մայիս ամսին Մարինա Թագակչյանը կրկնակի կմայրանա
LIFEAysor.am-ը գրում է.
Երգահան, հեռուստահաղորդավարուհի Մարինա Թագակչյանի ու կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարի ընտանիքի շուտով կհամալրվի երկրորդ զավակով: Ամուսինների համար լուրն անսպասելի էր, քանի որ նրանց առաջնեկը՝ Եվան, ընդամենը 1 տարեկան 5 ամսական է: «Չէինք պլանավորել այսքան շուտ երկրորդ զավակ ունենալ: Դուստրս դեռ փոքր է և շատ չարաճճի, իսկ ես հիմնականում օգնող չունեմ, քանի որ առանձին ենք բնակվում: Լուրն իմանալուց հետո ամուսինս շատ ուրախացավ, իսկ ես հարցին մի փոքր վերապահումով էի մոտենում: Առաջիկայում շատ ծրագրեր ունեի, բայց դե, ինչպես ասում են՝ Աստծո կամքն է»,-ուրախ լուրով Aysor.am-ի հետ ժպիտով կիսվեց երգահանը:


Փոքրիկը լույս աշխարհ կգա մայիս ամսին, տղա թե աղջիկ՝ դեռ բժիշկներն էլ չեն կողմնորոշվում: «Սեռը հստակորեն դեռ պարզ չի, չնայած բժիշկներն ավելի շատ հակված են աղջկա տարբերակին: Ինքս միշտ երազել եմ քույր կամ եղբայր ունենալ, քանի որ ընտանիքի միակ զավակն եմ եղել: Ճիշտն ասած՝ Եվայիս համար մի կողմից քույրիկ կուզեի, որ իր համար նաև ողջ կյանքում հավատարիմ ընկերուհի լիներ, մյուս կողմից էլ միշտ ցանկացել եմ տղաներ ունենալ: Բայց դե՝ որը բարին է, թող այն էլ լինի»,-նշեց մեր զրուցակիցը:

Երեխայի անունն այս անգամ վստահված է հայրիկին, քանի որ նախորդի դեպքում որոշողը Մարինան է եղել: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում ևս մեկ փոքրիկի հայտնվելուն փոքրիկ Եվան՝ հաղորդավարուհին ծիծաղելով պատասխանեց. «Նրան ասել եմ, որ քույրիկ ենք ունենալու, ասա քույրիիիիկ… Փորձում է արտաբերել ու ժպտում է: Երբ հարցնում եմ, թե ո՞ւր է քույրիկը, մատնացույց է անում փորիկս ու ասում՝ հեսաաա»:
Բնականաբար, կրկնակի մայրության բերկրանքին սպասող երգահանը մոտ երկու տարի էլ կշարունակի իր ստեղծագործական դադարը: Արդյոք դա չի վախեցնում երգահան-հաղորդավարուհուն: «Անկեղծ ասած՝ մի քիչ վախեցնում է այն փաստը, որ այս դադարը մի փոքր էլ կշարունակվի, բայց հանուն այն հարստության ու երջանկության, որը կոչվում է երեխա ու ընտանիք՝ կարծում եմ՝ արժի «ինքնազոհողության» գնալ: Ես միշտ երազել եմ մեծ ընտանիքի մասին, հուսամ՝ կունենամ այն»,-լավատեսորն մեր զրույցը եզրափակեց Մարինա Թագակչյանը:
Aysor.am-ը շնորհավորում, թեթև հղիություն ու առողջ բալիկ է ցանկանում Մարինային:
12.12.15, 17:05



