Նարինե Գրիգորյանի կերպարանափոխությունն ու երազանքի հետևից գնալու կարևորությունը՝ Համազգային թատրոնի նոր ներկայացման մեջ
LIFEՀամավարակից հետո Հայաստանի թատրոնները հերթով իրենց դռներն են բացում հանդիսատեսի առաջ։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը երկարատև դադարից հետո փետրվարի 6–ին թատերաշրջանը բացեց Վուդի Ալենի «Ճախրող լամպը» պիեսի բեմադրությամբ։
Tert.am Life–ը ներկայացնում է պրեմիերայի մանրամասներն ու ֆոտոշարքը։
Այս ներկայացման ընտրությունն ավելի վաղ էր արվել, սակայն համավարակի պատճառով այն այնքան է հետաձգվել, որ այս տարի համընկել է հեղինակի 85–ամյակին։ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց, որ շատ ուրախալի է, որ մշակութային ակտիվ կյանքը վերսկսվել է։ «Մշակութային պատերազմն իրավունք չունի զինադադար ունենալ»,– նկատեց նա։
Ներկայացման մեջ խաղում են Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Վարշամ Գևորգյանը, Հարություն Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը, Միլենա Ղազարյանը։ Ռեժիսորը Մերի Մարգարյանն է, բեմանկարիչը՝ Անուշ Բաղդասարյանը, երաժշտական ձևավորումն արել է Նարեկ Բաղդասարյանը։
Ռեժիսոր Մերի Մարգարյանը նկատեց, որ այս գործն իր մեջ ունի շատ ինքնակենսագրական տարրեր։ «Պատմությունն ընտանիքի մասին է, կարծում եմ, կհետաքրքիրի հանդիսատեսին։ Որևէ գործ ընտրելիս ես ուշադրություն եմ դարձնում՝ արդյոք հանդիսատեսն ունի տվյալ ներկայացման պահանջարկը։ Կարծում եմ՝ պիեսում ներկայացված խնդիրները կան նաև մեր հասարակության մեջ և այդ արդիական է»,– ասաց նա։
Պատմությունը Փոլի մասին է, ով փխրուն ու երկչոտ տղա է, երազում է զբաղվել հրաշագործությամբ։ Նա ապրում է մի ընտանիքում, որտեղ միմյանց չեն հանդուրժում։ Նրա ծնողներն էլ ժամանակին երազանքներ են ունեցել, որ չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել Փոլին իրականացնել իր երազանքը՝ համարելով, որ այն իրատեսական չէ։ Նրանք կարծում են, որ տղան պիտի լինի իրատես և իրեն հարմար աշխատանք գտնի, սակայն ի հեճուկս բոլորի՝ առաջին հայացքից երկչոտ տղան շատ ավելի համառ է գտնվում և իր դասը տալիս բոլորին։
Նարինե Գրիգորյանը նկատեց, որ պատմությունը շատ կարևոր ասելիք ունի՝ երազել դեռ չի նշանակում ստանալ։ Նարինեն կարևորեց երազանքի հետևից գնալու կամք դրսևորելը, որը վառ արտահայտված է հերոսի մոտ։ Հանուն երազանքի համառությունը չկորցնելը դերասանուհին պրոյեկտեց Հայաստանի ներկա իրականությանը։ «Հանուն երազանքի, այո՛, պիտի ուժ ունենալ ու առաջ գնալ։ Դա վերաբերում է նաև մեզ՝ մեր հայրենիքին։ Մենք մեր հայրենիքի տերն ենք անկախ ամեն ինչից, մենք առաջնագծում եք՝ մեր արվեստով, մեր հրաշալի զինվորներն իրենց առաջնագծերում և ոչ ոք իրավունք չունի թուլանալու»,– ընդգծեց նա։
Ի դեպ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ով այս ներկայացման մեջ զբաղված է որպես դերասանուհին, մարմնավորում է հերոսի մայրիկին և ներկայանում է կերպարանափոխված։