«Մեր թաղը». Պատանի հանդիսատեսի նոր ներկայացման հետաքրքիր դրվագները
LIFEՊատանի հանդիսատեսի թատրոնի բեմում երեկ «Մեր թաղը» ներկայացման պրեմիերան էր, որը բեմադրվել է ըստ Նար-Դոսի համանուն պատմվածաշարի։ Բեմադրությունն ընդգրկում է գրողի «Ինչպես բժշկեցին», «Հոպոպ», «Ինչ պատահեց, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սաքուլն ուխտ գնաց» գործերը: Բեմականացման հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է։
Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։
Ներկայացման մեծ ընդգրկված է թատրոնի դերասանական կազմի մեծ մասը՝ 22 դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանը, Արև Սանթրոսյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթևոսյանը, ինչպես նաև Սամվել Օհանյանը, Մարիամ Ղազանչյանը, Սամվել Դանիելյանը, Վիգեն Թադևոսյանը, Սիրանուշ Լազյանը, Վահան Միրաքյանը, Նազիկ Բաղդասարյանը, Անդրանիկ Հակոբյանը, Անահիտ Ղուկասյանը, Դիանա Խերանյանը, Մարիետտա Նազարյանը, Անի Վարդանյանը, Ռուզաննա Փարամազյանը, Կոնստանտին Կոզմանովը, Տրդատ Մակարյանը, Սեյրան Մովսիսյանը, Ալեքս Հակոբյանը:
«Թատրոնի ղեկավարությունը որոշել էր անդրադառնալ հայ դասականներից Նար-Դոսին, ում գործերն ընդգրկված են նաև դպրոցականների դասագրքերում: 2019 թվականի մայիսից սկսել ենք աշխատանքները, թատրոնի համար նման բեմ ստեղծելը բավականին ծավալուն աշխատանք էր: Սկզբում վարպետները մեզ ճիշտ չէին հասկացել խնդիրը, հետո ամեն բան ստացվեց, պրեմիերան նախատեսված էր 2020-ի մարտի 5-ին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված այն հետաձգվեց, հետո պատերազմ էր։ Իրականում բոլորս ավելի տխուր ենք այժմ»,– ասաց ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը։
Ինչ վերաբերում է ժանրային առանձնահատկություններին՝ նա ասաց, որ սա դրամա է, որի հիմքում ողբերգություն է․ «Սովորաբար ժանրը որոշելիս՝ ասում են, եթե տվյալ գործում մարդ է մահանում, ուրեմն ողբերգություն է: Այս դեպքում դրաման ու ողբերգությունն այնքան միաձուլված են, չեմ համարձակվի ասել ողբերգություն է»:
Ներկայացման բեմանկարիչն Անտոն Քեշիշյանն է, զգեստների հեղինակը՝ Մարինե Թադեւոսյանը, երաժշտությունը գրել է ՀՈՂ-ը: