ԱԱԾ-ն համարում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բարեփոխման կարիք ունի. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը: Նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի 2020 թ. հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից տվյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը: Ազգային անվտանգության ծառայությունը համարում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թ.-ին, և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև միջազգային փորձը:
Օրինակ՝ գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չէ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման, դրանց վերանայման ժամկետները, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ: Այսպիսով՝ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվող թույլտվության, դրանց պաշտպանությանմիջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները:
Հստակեցվել է նաև տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են մի շարք այլ իրավակարգավորումներ: Նախագծի ընդունմամբ բովանդակային և օրենսդրական առումով կփոփոխվեն պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների՝ ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին և միջազգային փորձին, ինչպես նաև կներդրվեն գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում