Դերասան Սուրեն Առուստամյանի ընտանիքի համար ձմեռն արեւային է՝ շնորհիվ փոքրիկ Արեւիկի: Life.panorama.am-ին երջանիկ հայրիկը պատմել է, որ հենց 7 ամսական Արեւիկի շնորհիվ մոտեցող ամանորյա հեքիաթը ավելի ոգեւորիչ է թվում.
«Աղջիկս իր արեւային տրամադրությամբ, ժպիտով ամեն օր մեր տանը մեծ աշխուժություն է բերում, անգամ Նոր տարվա հեքիաթը նրա հետ, ասես, իրական է դառնում: Մենք ասես չզգանք ձմեռվա ցուրտը, Արեւիկն էլ, ասես, սիրում է ձմեռը»,- պատմել է Սուրեն Առուստամյանը:

Դերասանի խոսքերով՝ Արեւիկը օրեր առաջ առաջին անգամ ձյուն տեսնելով, իրենից անկախ, շատ է ուրախացել. «Երբ տեղաց առաջին ձյունը, մենք նրան մոտեցրինք պատուհանին եւ պետք է ասեմ, որ նա շատ աշխույժ ու զարմացած իր փոքրիկ աչուկներով նայում էր, թե ինչպե՞ս է ձյուն գալիս. բնության այդ հրաշքին մեր փոքրիկը շատ լավ արձագանքեց»,- մեզ հետ զրույցում նշել է Սուրենը:
Փոքրիկ Արեւիկը արդեն հանում է իր առաջին ատամիկները. «Արեւս արդեն հանել է իր առաջին ատամիկները, նա ծնված օրվանից ժպտում է բոլորին, բայց եւ ուզում է անընդհատ մեր գրկում լինել, հասկացնել է տալիս, որ իրեն գրկենք ու ման տանք»,- մեծ ոգեւորությամբ պատմում է դերասան հայրիկը:

Ի դեպ, Սուրեն Առուստամյանը նշեց նաեւ, որ 9-ամյա որդին փոքրիկ քույրիկին շատ ջերմ է վերաբերվում. «Ոչ մի օր որդուս կողմից խանդի դրսեւորումներ չի զգացվել, հենց դպրոցից վերադառնում է տուն, առաջինը քույրիին է գրկում, անպայման ասում, որ շատ է կարոտել, իսկ դասերը պարապելուց հետո էլ խաղում է Արեւիկի հետ: Դեռ մեր աղջիկը չէր ծնվել, երբ ես եւ կինս նախապատրաստել էինք Հայկին, որ փոքրիկ քույր է ունենալու, որին պետք է պաշտպանի եւ անսահման սիրի, իսկ այսօր մեր հասուն որդին հենց այդպես էլ վարվում է, հատկապես, երբ տեսնում է, որ իմ եւ մայրիկի սերը եւ ուշադրությունը նրա հանդեպ չի պակասել»:

Ի դեպ, Սուրեն Առուստամյանը նշեց նաեւ, որ իրենց տանը Ձմեռ պապիկին արդեն նամակ են գրել. «Տղաս արդեն նամակ գրել է Ձմեռ պապին, իսկ ես անձամբ եմ զանգել նրան ու իմ նվերի մասին ասել»,- ժպիտով պատմել է դերասանը:
Ինչպես շատ արտիստներ, Սուրենն էլ Ամանորին տանը չի լինի. «Իհարկե, ցավոք, բայց անհրաժեշտաբար արդեն 10 տարուց ավելի է, ինչ Նոր տարվա գիշերը տանը չեմ լինում, թեպետ հաջորդող օրերին ընտանիքիս կողքից չեմ բացակայում»,-նկատել է նա:

Հաջորդ տարվա համար Սուրեն Առուստամյանը մի շարք ծրագրեր ունի, 2016-ին կներկայանա երկու նոր ֆիլմերում, որոնց մասին, դերասանը դեռ իրավասու չէ հայտնել, բացի այդ, Սուրենին նոր տարվա ընթացքում կտեսնենք նոր ներկայացման մեջ: Իսկ մեր այն նկատառմանը, թե կինը ե՞րբ կվերադառնա աշխատանքին, Սուրեն Առուստամյանը պատասխանեց.
«Կինս հիմա ամենամեծ աշխատանքն է անում՝ մեծացնելով մեր երկու հրաշքներին, բայց եթե հարմար առաջարկ լինի, որը չի խանգարի փոքրիկին մեծացնելու հարցում, իհարկե, կհամաձայնի»:






