Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ. իշխանական պատգամավոր
POLITICSԳորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
Հարցին՝ այդ դեպքում որտե՞ղ է գտնվում, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Ո՞նց որտեղ է գտնվում... էդ ճանապարհը, նորից եմ կրկնում, մի քանի տեղ անցնում է ադրբեջանական սահմանով, ադրբեջանական տարածքով»։ Հարցին՝ այսինքն՝ ընդունում է ադրբեջանական կողմի թե՞զը, Ղալումյանն արձագանքեց, որ ոչ թե ինքն է ընդունում, այլ քարտեզներն են այդպես նշում: Ըստ պատգամավորի՝ Գորիս-Կապան 21կմ-անոց ճանապարհի մի քանի հատվածներ ադրբեջանական տարածքում են:
Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհով վերջին անգամ ե՞րբ է երթևեկել, պատգամավորն արձագանքեց՝ հունիսին, և իրեն անվտանգ է զգացել։ Թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ 2 քաղաքացիներ հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, Ղալումյանն արձագանքեց. «Սահմանային խնդիրներ միշտ էլ եղել են, եթե սահմանագծում-սահմանազատում չլինի, այդ խնդիրները լինելու են»:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «ծնկած վիճակում հարմար չէ բանակցել», Ղալումյանն ասաց. «Դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում ես այդ կարծիքը։ Այո, պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը, այնպես էլ ամբողջ պետությանը»։ Հարցին էլ՝ ինչպես են պարտվածի դիրքերից սահմանազատման գործընթաց իրականացնելու, պատգամավորը պատասխանեց, որ երբ գործընթացն սկսվի, բոլորը դրան հետևելու հնարավորություն կունենան:
Ըստ Ղալումյանի՝ կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ ականապատ տարածքների քարտեզները հանձնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ բոլոր գերիներին։ Դիտարկմանը, թե գերիները պետք է վերադարձվեին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ղալումյանն արձագանքեց՝ պետք է երաշխիք ունենալ, հետո քարտեզները տալ, իսկ եթե երաշխիք չլինի, հավանաբար, քարտեզները չեն տա:
«Մենք մի քանի հարյուր գերի չենք ունեցել, չունենք, մենք գերիներ ունենք, թիվը չգիտեմ, մի քանի հարյուր հաստատ չէ»,-ասաց նա։