Ո՞ր պաշտոնյաներին կտրվեն ֆինանսական հավելումներ. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է
Արդարադատության նախարարությունն առաջարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարել: Նշվում է, որ 2021 թ.-ի ապրիլի 14-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-337-Ն օրենքը և հարակից օրենքները, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 29-ին:
Օրենքի կարգավորումներով նախատեսվում է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին, վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, օրենքով սահմանված կարգով տրամադրել հավելումներ, որոնք Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70, Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ 60 տոկոսը:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «այն ուժի մեջ մտնելուց հետո ԲԴԽ-ն կառավարություն է ներկայացնում առաջարկություն Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ…»: Դրանով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին վճարել հավելումներ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Որպես հիմնավորում նշվում է նրանց գործունեության առանձնակի ռիսկայնությունը, ընդ որում՝ հակակոռուպցիոն գործերի քննության առանձնակի ռիսկայնությունը հավասարապես տարածելի է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների վրա:
Վճռաբեկ դատարանում գործերի քննությունն իրականացվում է կոլեգիալ՝ բոլոր դատավորների մասնակցությամբ, ուստի կոռուպցիոն բնույթի քրեական և քաղաքացիական գործերի քննությունն իրականացվելու է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների մասնակցությամբ: Այսպիսով՝ առաջարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, որը կհանդիսանա լրացուցիչ երաշխիք նշված գործերի արդարացի քննության ապահովման համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում