ՀԱՕԿ-ը ձգտում է Ռիո 2016-ի մարզիկների թիվը հասցնել 25-26-ի
SPORTՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կգոհանա, եթե «Ռիո 2016» օլիմպիական խաղերին երկիրը ներկայացնեն 25-26 մարզիկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Ինչպես եք գնա հատում մրցաշրջան 2015-ը» հարցին ի պատասխան` Ռոստոմյանը նշեց. «Մեզ համար կարևորը օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելն էր: Այս պահին ունենք 11 վարկանիշ, հաջորդ տարի նախատեսում ենք ևս 13-16-ով ավելացնել այդ ցուցանիշը, եթե 25-26 վարկանիշ ունենանք, այլ ոչ թե սպիտակ քարտ, մենք կարող ենք ասել, որ գոհ ենք»:
Ինչ վերաբերում է սպիտակ քարտերով մասնակցությանը, ապա Հրաչյա Ռոստոմյանը վերահաստատեց իր այն մոտեցումը, որ ցանկալի է չօգտվել սպիտակ քարտերից` հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է, ՀԱՕԿ-ի կողմից հաստատված չէ: «Ես հակված եմ, որ սպիտակ քարտերից չօգտվենք, քանի որ եթե մարզիկը Աշխարհի, Եվրոպայի առաջնություններից, վարկանշային մրցաշարերից չի կարողանում վարկանիշ ձեռք բերել, ապա օլիմպիական խաղերին մասնակցությունը
լինելու է միայն «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» սկզբունքով: Եթե ձմեռային օլիմպիական խաղերի տեսանկյունից նայենք, մեզ համար նորմալ է սպիտակ քարտով մասնակցելը, բայց ամառային խաղերին` գտնում եմ, որ վարկանիշով անպայման մասնակցենք»,-ավելացրեց ՀԱՕԿ քարտուղարը:
«Սպիտակ քարտի» համակարգը նպատակ ունի խրախուսել առանձին մարզաձևերում օլիմպիական վարկանիշ չունեցող երկրներին, այն իրավունք Է տալիս հատուկ կարգավիճակով` առանց օլիմպիական վարկանիշի մասնակցել խաղերին:
Ռոստոմյանը նշեց, որ դեկտեմբերի 23-ին հանդիպել է ծանրամարտի ու մարմնամարզության ֆեդերացիաների ներկայացուցիչներին և հաստատել են 2016-ի օրացուցային պլանը Ռիոյի համար: «Մենք երկու ուղղությամբ ենք աշխատանք տանում. այն մարզիկների ու մարզուհիների համար, ովքեր նվաճել են ուղեգիր և մարզիկների հետ, ովքեր դեռ պետք է նվաճեն»,-հավելեց Հրաչյա Ռոստոմյանը:
Ռիո-2016 թվականի խաղերն առաջին Օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվելու են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կկայանան 2016 թվականի օգոստոսի 5-21-ը: