Yerevan, 02.August.2026,
00
:
00
BREAKING


«Սա առավել քան աբսուրդային է. ուղղակի իրավիճակի խեղաթյուրում և հերթական մանիպուլյացիան է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ երեկ պետք է գումարվեր արտահերթ նիստ, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» հետ: Սակայն նիստը չկայացավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին։ Ավելի վաղ հանձնաժողովի նիստում ՔՊ-ն դեմ էր քվեարկել նախագծին:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց «Շուշիի հռչակագրի» ակնհայտ հակահայկական բնույթը: «Շատ հստակ կետեր կան այնտեղ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության, ՀՀ-ի և, ընդհանրապես, ամբողջ հայ ժողովրդի դեմ: Այնտեղ անգամ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ձևակերպում կա, որն արդեն ակնհայտ ագրեսիա է ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների նկատմամբ: Այնտեղ խոսվում է նաև Ցեղասպանության հերքման, այդ հարցը պատմաբանների հանձնաժողով տեղափոխելու մասին: Ի վերջո, այդ հռչակագրի կարևորագույն նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի փոխօգնության մակարդակը բարձրացնելն է, ինչին և հասան: Ըստ էության, «Շուշիի հռչակագիրը» 44-օրյա պատերազմի, դրա հետևանքների լեգիտիմացումն էր: Նպատակ կար նաև լեգիտիմ հիմքեր ստեղծել Հայաստանի նկատմամբ հաջորդ ագրեսիայի դեպքում Թուրքիայի՝ արդեն բավականին հիմնավորված աջակցության համար»:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր Թուրքիան Ադրբեջանին աջակցելու իրավական հիմքեր է ստեղծում, ինչը չուներ 44-օրյա պատերազմի ժամանակ. «Մեզ համար բավականին մեծ սպառնալիք է ստեղծվում սրանով: Եվ թեպետ հռչակագրում նշված է, թե փոխգործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, բայց առավել քան ակնհայտ է, որ մենք այստեղ թիրախում ենք: Եթե 2021-ին այդ փաստաթուղթը ստորագրվեց ու զուտ դեկլարատիվ էր, ապա, խորհրդարանների կողմից վավերացվելով, Թուրքիայի ու Ադրբեջանի ներպետական օրենսդրության մաս է դառնում»:

Զուգահեռ դիտարկելով այս ամենի վերաբերյալ ՀՀ-ից ցուցաբերվող վարքագիծը՝ նա նախ հիշեցրեց ԱԳՆ-ի՝ ավելի վաղ արված արձագանքի մասին. «2021-ի հունիսին ՀՀ ԱԳՆ-ն բավականին կոպիտ արձագանքելով՝ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ սա նաև թուրք-ադրբեջանական համատեղ հերթական սպառնալիքն է, ու նման հռչակագրերը հարված են նաև խաղաղության տեսլականի համար: Հիմա, երբ այս փաստաթուղթը վավերացվում է, ու թվում է, որ ավելի լուրջ արձագանք պետք է ունենայինք, լռություն է, որովհետև երկրում իշխանությունները լծված են «խաղաղության դարաշրջանի» ստեղծմանը:

Այս փաստաթուղթը վավերացվել է Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից, և առավել քան անտրամաբանական կլիներ, եթե մեր խորհրդարանը որևէ ասելիք չունենար այս առումով: Այս տեսանկյունից ընդդիմության առաջ քաշած հայտարարության նախագիծն իր բնույթով ու առկայությամբ շատ կարևոր է, բայց իշխանական թևը հրաժարվում է մասնակցել քննարկմանը: Որպես հիմնավորում՝ ներկայացնում են այն հանգամանքը, թե ԱԳՆ-ն արդեն այդ առումով դիրքորոշում հայտնել է:

Սա առավել քան աբսուրդային է, սա ուղղակի իրավիճակի խեղաթյուրում է, հերթական մանիպուլ յացիան, բառախաղ, որի տակ բովանդակություն պարզապես չկա»:

«Շուշիի հռչակագրից» զատ, անդրադառնալով նաև թշնամի հանդիսացող պետություններից եկող նոր սպառնալիքներին, վիրավորանքներին ու հայտարարություններին չպատասխանելու իրողությանը՝ Մխիթարյանը շեշտեց. «Սա «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ է: Այսինքն, պատրաստ ենք զիջել հնարավոր առավելագույնը, ինչը մեզանից կպահանջեն, պատրաստ ենք լռել բոլոր տարբերակների դեպքում, մենք մուրում ենք խաղաղություն: Իշխանությունների կեցվածքը հենց այս տրամաբանության մեջ է»:

Խոսելով Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի մասին՝ Հերմինե Մխիթարյանը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր ՌԴ-ն բավականին բարդ իրավիճակում է. «Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում որքան լարված է իրավիճակը, ՌուսաստանԱրևմուտք հարաբերություններում ինչպիսի լարվածություն է կուտակվել: Բնականաբար, այսօր Մոսկվան, իր շահերից ելնելով, իր համար քաղաքականության լավագույն կոմբինացիան պետք է մշակի՝ հնարավոր սպառնալիքները, մարտահրավերները նվազեցնելու համար: Բնականաբար, այս տեսանկյունից ՌԴ-ն փորձում է իր ազդեցությունը մեծացնել: Բայց ուրիշ հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի: Այս հռչակագրի ստորագրումը հերթական արձանագրումն է նրա, որ մենք, որպես պետություն, դադարել ենք գործոն լինել վերջին տարիների ընթացքում: Երբ քո դաշնակիցը հռչակագիր է ընդունում քո թշնամի պետության հետ, այլ հարց է առաջանում. արդյոք մեր իշխանությունները տեղյակ են եղե՞լ նման զարգացումներից, թե՞ ոչ: Բացի այդ, մենք Մոսկվայի համար կորցրել ենք դաշնակից լինելու դերը»:

Մեր զրուցակցի խոսքով, 2018-ից սկած բոլոր քայլերը վերոնշյալին են հանգեցրել: «Քայլ առ քայլ մոտեցրել են այս հանգրվանին: Մենք այսօր խոսում ենք հռչակագրի ընդունումից, բայց, ըստ էության, 44-օրյա պատերազմի սանձազերծումն ինքնին արդեն հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրների մասին էր վկայում, որովհետև եթե Ադրբեջանն ունենար վստահություն, որ Հայաստանը ՌԴ-ի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ է, արտաքին անվտանգային բաղադրիչը հստակ կգործարկվի, երբևէ նման արկածախնդրություն իրեն թույլ չէր տա: Այս հռչակագիրը հերթական հանգրվանն է: Իհարկե, այդ փաստաթուղթը մեզ համար մտահոգիչ է, խնդրահարույց: Ընդհանուր առմամբ, սակայն, հատկապես իշխանությունները սովոր են անընդհատ դրսին մեղադրել եղած կամ չեղած բաների համար: Բայց երևի ժամանակն է ինքներս նայենք, տեսնենք, թե մենք որտեղ ենք սխալվել, որ մեր միակ ռազմավարական դաշնակից պետությունը, որից այսօր կախված է մեր անվտանգային ամբողջ համակարգը, նման կեցվածք ու մոտեցում ունի: Բնականաբար, իրենց համար իրենց շահերն առաջնային են, բայց եթե մենք, որպես պետություն, գործոն լինեինք, կարողանայինք մեր հարաբերությունները ճիշտ կառուցել, ու մեզ հետ հաշվի նստեին, նման իրավիճակ հաստատ չէինք ունենա»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրողություններին, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա լարվածությանը, այդ ամենի ազդեցությանը նաև Հայաստանի վրա՝ փորձագետը շեշտեց, որ այսօր գլոբալ ֆորսմաժորային, բավականին լարված իրավիճակ է. «Աշխարհն ազդեցության նոր գոտիների բաժանման փուլում է:  Մեծ հաշվով, կողմերը մոտեցել են կարմիր գծերին, և այսօր կարմիր գծերն անցկացնելու ժամանակն է: Թե ինչ տարբերակով այն կլինի, ռազմական գործողությունները մինչև ուր կհասնեն և ինչ ծավալով կլինեն, անկանախատեսելի է: Տրամաբանությունը, ամեն դեպքում, սա է: Բնականաբար մենք անմասն չենք կարող մնալ այս ամենից, հատկապես, երբ այս ամենի մեջ ներգրավված գլխավոր դերակատարը մեր ռազմավարական դաշնակիցն է, հատկապես, երբ մեր տարածաշրջանը ցնցումներից դեռ դուրս չի եկել: Եթե գործոն լինեինք, միգուցե նման ֆորսմաժորային իրավիճակներից կարողանայինք օգուտներ քաղել, որովհետև ցանկացած իրավիճակ մարտահրավերների հետ նաև հնարավորություններ է բերում»:

Մատնանշելով ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին՝ նա ընդգծեց. «Եթե մենք աշխատեինք մեր ռազմավարական դաշնակցի հետ, շատ հավանական կլիներ, որ Արցախի կարգավիճակի հարցն էլ օրակարգ բերվեր: Մինչդեռ 44 օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցն ուղղակի թաղվել է, ու ոչ ոք այդ մասին չի խոսում: Մենք այսօր միայն Արցախից արձագանքներ ունենք, ինչն, իհարկե, կարևոր է: Սակայն այլ կլիներ արձագանքների հնչեղությունը, եթե դրանք լինեին Երևանից, իսկ Երևանից պարզապես լռում են: ԱԳՆ-ն հայտարարեց, որ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու հարց օրակարգում չկա: Թեպետ չկա, բայց պետք է մտածել, թե ինչպիսի դիրքորոշում պետք է ունենանք Արցախի հարցի հետ կապված, եթե Դոնեցկի ու Լուգանսկի հարցը հանկարծ մեր օրակարգում հայտնվի»:

Նա շեշտեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը ճանաչելու շատ լավ հնարավորություն կար. «Այն ժամանակ համանախագահող երկիր Ֆրանսիայից անընդհատ ազդակներ էին գալիս, որ ֆրանսիան պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը: Մենք նաև հանրային մակարդակով կոչեր, հայտարարություններ տեսանք: Մինչդեռ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատերազմից հետո հայտարարեց, որ Հայաստանը իրենց չի խնդրել ճանաչել Արցախի անկախությունը: Այսինքն, ինչո՞ւ պետք է Ֆրանսիան իր վրա Արցախը ճանաչելու պարտավորություն վերցնի, եթե Հայաստանը չի աշխատում այդ ուղղությամբ: Մենք անգամ չգիտենք՝ այստեղ խնդիրը չիմացությո՞ւնն է, պատրաստված չլինե՞լը, թե՞ զուտ մշակված քաղաքականությունն է այդպիսին»:

Հ. Մխիթարյանը շեշտեց՝ մեզ այսօր փորձում են համոզել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ գործընթացն առանց նախապայմանների է, բայց նախապայմաններն առավել քան ակնհայտ են: Ի թիվս այլ իրողությունների, նա հավելեց. ««Զանգեզուրի միջանցքի» կետը հռչակագրով վավերացվում է, այստեղ մեզ ասում են՝ նախապայմաններ առաջ չեն քաշում: Ի՞նչ է դա, եթե ոչ նախապայման: Մեծ հաշվով, մտածված թուրք-ադրբեջանական օրակարգով ինչ-որ խաղաղության հաստատման ենք գնում, բայց այդ խաղաղության համար միայն մենք ենք վճարում ու շարունակում ենք վճարել՝ դրա դիմաց ոչինչ չստանալով: Ինչոր տնտեսական բարեկեցություն են խոստանում անվտանգության դիմաց: Իրականում աննորմալ տրամաբանություն է. մենք պետություն ենք կորցնում՝ չհասկանալով, թե ինչ է ենթադրում այդ օրակարգը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments