Էներգետիկայի և մեծ քաղաքականության անմիջական կապը․ Եվրոպական փորձ
ECONOMICSԷներգետիկայի և մեծ քաղաքականության անմիջական կապը ակնհայտ է դառնում այս օրերին, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը բառացիորեն արևային էներգիայի բում է առաջացրել եվրոպական և այլ երկրներում։
Միջազգային էներգետիկ գործակալությունը իր նոր զեկույցում նշել է, թե առաջիկան 5 տարում աշխարհում շահագործման կհանձնվեն վերականգնվող էներգիայի նույնքան հզորություններ, որքան անցած ամբողջ 20 տարվա ընթացքում։ Գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը, որը ներկայացրել է զեկույցը, հայտարարել է, թե վերականգնվող էներգիայի ոլորտում աճի տեմպերը ներկայումս 30 տոկոս ավելին են, քան կանխատեսվում էր մեկ տարի առաջ։
Ըստ Բիրոլի՝ արդյունահանվող վառելիքի վրա հիմնված էներգետիկան լրջագույն ճգնաժամ է ապրում և եվրոպական երկրներն իրենց քաղաքական կախվածությունը նվազեցնելու ինչպես նաև սեփական կարիքները հոգալու համար անցել են արևային էներգիայի ավելի մեծ հզորություններ ստեղծելուն։
Մինչ օրս, ըստ Ֆաթիհ Բիրոլի, արևային և քամու էներգետիկայի զարգացման հիմնական դրդապատճառը գլոբալ կլիմայի պաշտպանությունն էր, այժմ արդեն գլխավոր շարժիչ ուժը դարձել է ձգտումը ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը։ Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթին տրված հարցազրույցում էլ Բիրոլը նշել է, թե Եվրոպան ըստ ամենայնի, նախապես տեղյակ է եղել հնարավոր պատերազմից և բավական լավ է պատրաստվել արևային էլեկտրաէներգիա կառուցելուն։
Ըստ էության, նույնիսկ աշխարհի առաջատար երկրները հասկանում են էներգետիկայի և քաղաքականության մեջ առկա անմիջական կապը։ Հայաստանը թերևս բավական հեռու է նաև այդ գիտակցության առումով։
Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», արևային էներգիայի զարգացման տեմպերը չափազանց նվազ են։