«Չափազանց մեծ ճոխություն է ունենալ Հենրիխ Մխիթարյան, բայց չանել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարը նրան վերադարձնելու համար»
BLOGՀայաստանում ՈՒԵՖԱ-ի մեդիա ներկայացուցիչ Մհեր Խուդավերդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Շարունակենք Հենրիխի հավանական վերադարձի թեման.
Հայաստան - Թուրքիա հանդիպումը սարերի ետևում չէ, և օր օրի ակտիվանում են խոսակցությունները Հենրիխի հավաքական վերադառնալ կամ չվերադառնալու մասին։
Հարցերը շատ են, պատասխանները` ոչ:
Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ անգամ ավելորդ է քննարկել՝ արդյո՞ք Հենոն պետք է հավաքականին, թե՞ ոչ, սա պարզ ճշմարտություն է. Հենոն երբևէ խաղացած լավագույն հայ ֆուտբոլիստն է, և քանի դեռ նա խաղում է, ուրեմն պետք է հավաքականին, նամանավանդ, երբ դիտում ենք նրա ելույթները «Ինտերի» կազմում։
Չեմ ցանկանում նաև խոսել Հենոյի հեռանալու պատճառներից, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես հենց ինքն է ասել իր հրաժեշտի խոսքում։
Բայց կա շատ մեծ մի բայց...
Եթե անգամ Հենոն անցած տարի համարում էր, որ ամեն ինչ տվել է հավաքականին, ապա այս տարի իրավիճակը մի փոքր այլ է, Հենոն էլ է հասկանում, որ դեռ տալու շատ բան ունի և, որ ավելի կարևոր է, ստանալու շատ բան ունի։ Հենոյի դարաշրջանը պիտի գեղեցիկ ավարտվի և Գերմանիայից կրած 1-4 հաշվով պարտությամբ չի կարելի ավարտել այս գեղեցիկ պատմությունը։
Իհարկե, Հենոն Դոմինիկ Տորետոն կամ Սարդ-Մարդը չէ ու փաստ չի, որ նա կգա ու միայնակ կջախջախի Թուրքիայի բավականին ուժեղ հավաքականին, բայց նա հենց այն մեկն է, առանց որի ցանկացած արդյունք կիսատ կլինի, եթե խաղը բացասական ավարտ ունենա առանց Հենոյի, պիտի ասենք` «այ, որ Մխիթարյանը լիներ, սենց չէր լինի», իսկ եթե նրա գալուց հետո էլ արդյունքը գոհացուցիչ չլինի, առնվազն կիմանանք, որ ամեն ինչ փորձել ենք և սա մեր մաքսիմումն է։
Հասկանում եմ նաև, որ նրա գալու մեջ մի քանի վտանգ կա` հասարակության չափից դուրս մեծ պահանջները, այդ նույն հասարակության մի ստվար զանգվածի (առնվազն կեսից ավելիի) «մեգախելացի» վերլուծությունները, «առանց Հենո ավելի լավ ենք խաղում» անհայտ ծագման թեզը և էլի մանր մունր բաներ, որոնք չեմ էլ ուզում հիշատակել։
Սակայն նույնիսկ այս ամենի հետ մեկտեղ Հենոն պիտի վերադառնա, այո, գուցե նա կրկին իրեն հարվածի տակ դնի ու քավության նոխազ դառնա, բայց պիտի գա, այդպիսին է լեգենդների ճակատագիրը, ո՞ւմ չեն փնովել սեփական երկրպագուները, այսպիսի «բախտի» արժանացել են Ռոնալդուն, Մեսսին, Բենզեման, Կասիլյասը և այլք։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ իսկական երկրպագուները Հենոյին երբեք չեն սուլել, երբեք։
Եվ, վերջիվերջո, մեր պես երկրի համար չափազանց մեծ ճոխություն է ունենալ Հենրիխ Մխիթարյան, բայց չանել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարը նրան վերադարձնելու համար»։