«Ցորեն էինք գnղանում, հանձնում, ծխախnտ ու պաղպաղակ գնում, դպրոցում տղա ձևանում». Ռաֆայել Երանոսյանի մանկության դրվագներից
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ն այս անգամ բացահայտել է դերասան Ռաֆայել Երանոսյանի մանկության դրվագները: Ինչպես է դերասանը հաղթահարել հավերից վախը, բայց հավ գողացել, սարսափել հարևանի պապիկից, սիրահարվել դասղեկին ու գողացած պաղպաղակը նվիրել դպրոցի աղջիկներին:
-Մանկության վախերը:
-Քանի որ մեծացել եմ գյուղում, փոքր ժամանակ շատ եմ վախեցել հավերից: Հոկտեմբերյանում եմ մեծացել, ու այդ վախը շատ արագ հաղթահարեցի: Մի օր այնպես ստացվեց, որ հավերի հետ դեմառդեմ դուրս եկանք ու իրավիճակ չկար փախչելու, ու ես հասկացա, որ ինքը ուղղակի հավ է, ինձ ոչ մի բան չի կարող անել:
Փոքր ժամանակ, ինչպես բոլոր երեխաները վախեցել եմ մթությունից, հարևանի պապիկից: Երեխաներին ասում են չէ՞՝ «ճաշը կեր, թե չէ Պետրոս պապիկին կասեմ, կգա, քեզ կտանի»: Պետրոս պապին մեզ համար Մեշոկ պապիի պես բան էր:
-Ամենասիրած խաղալիքը:
-Չեմ ունեցել խաղալիք:
-Առաջին սերը:
-Ինչպես բոլոր երեխաները սիրահարվում են իրենց ուսուցչուհուն կամ դասղեկին, ինձ մոտ էլ հավանաբար եղել է նման բաներ: Առաջին սերս եղել է դպրոցում: Անունը չեմ ասի:
-Չսիրած ուտելիքը:
-Ես ամեն ինչ սիրում եմ, ինչը համեղ է:
-Դպրոցում վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:
-Իմ պարագայում՝ ոչ, եղբայրներիս՝ այո: Ես խելոք աշակերտ եմ եղել, լսող:
-Բուլինգի ենթարկվե՞լ եք:
-Ուշադիր ինձ նայեք ու պատկերացրեք փոքր դեմքով, ո՞վ կարող էր ինձ ճնշել: Ոչ էլ ես եմ ենթարկել, որովհետև դրական մարդ եմ իմ տեսակով: Շատ անգամ կարող են իմ հումորը չհասկանալ, բայց ճանաչելուց հետո հասկանան, որ չար չեմ:
-Ցոգոլ գողացել ե՞ք:
-Ցոգոլ գողացել եմ, յասաման գողացել եմ, գիլաս, հավ, ցորեն գողացել եմ: Մենք ցորեն էինք գողանում, տանում հանձնում էինք, գնում էինք ծխախոտ ու պաղպաղակ: Ծխախոտով դպրոցում որպես տղա էինք ձևանում, պաղպաղակն էլ տանում էինք աղջիկներին պատիվ տալիս: Վատ բաներ եմ ասում, բայց պատկերացրեք 90-ականներն էին:
-Դպրոցում չսիրած առարկան:
-Բոլորը: Ինչպես բոլոր դաստիարակված ու խելոք երեխաները, ես սովորել չեմ սիրել: Հետո քիչ-քիչ հասկացա, որ պետք է սովորել, սիրեցի Հայոց լեզուն, Հայ գրականությունը, պատմությունն ու աշխարհագրությունը, Ֆիզկուլտուրան և աշխատանքի ուսուցումը:
-Ամենավատ հուշը մանկությունից:
-Չկա վատ հուշ: Իմ ներկայացման մեջ ես շատ եմ խոսում իմ մանկության, գյուղի մասին: Չունեմ վատ օր, վատ հիշողություն:
-Իսկ ամենալավ հուշը:
-Բոլորը լավ հուշեր են: Ես հաճախ եմ գնում գյուղ, ամեն ծառը, փողոցը, «հայաթը» (մենք բակ չէինք ասում), ամբողջությամբ հուշեր են, ինչքան մեծանում ես, այդքան հուշերը քեզ սկսում են հետևել:
-Մանկության երազանքը:
-Մանկուց երազում էի դերասան դառնալ, մեծանալով, հասկացա, որ երազանքները պետք է դարձնել նպատակ ու իրականացնել: Ես դեռ իմ նպատակները իրականացնում եմ:
Հեղինակ՝ Անի Մնացականյան