Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Միջազգային հանրության դիրքորոշումը կարևոր է մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ձևավորման, ինչպես նաև դիրքավորման տեսանկյունից։ Հասկանալի է՝ իրերի այն վիճակը, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից, որոշակի փոփոխությունների կարող է հանգեցնել։ Պատահական չէ, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարում էր, որ Արցախի անկախությունը դե յուրե ընդունելի լինի առաջին հերթին միջազգային հանրության համար։ Բայց Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը նոր իրավիճակ ստեղծեց։ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմն իջեցնի Արցախի կարգավիճակի հարցի շուրջ սահմանված նշաձողը, իսկ դրա փոխարեն միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի ու Արցախի շուրջ։
Այսինքն, տպավորություն էր ձևավորվում, որ եթե հայկական կողմն ընդառաջ գնա միջազգային հանրության ցանկությանը, ապա միջազգային գործընկերները կզսպեն Ադրբեջանին: Սակայն հայկական կողմից նշաձողն իջեցնելուց հետո միջազգային հանրությունը Արցախն ամբողջությամբ հրեց դեպի ադրբեջանական երախը։ Նույն միջազգային հանրության ներկայացուցիչների միջամտության պարագայում Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը հայտարարություն ընդունվեց, որով Հայաստանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Ու այդ հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկար արցախցիների իրավունքների կամ Արցախի ինքնավարության մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ փաստացի Հայաստանը ոչ միայն իջեցնում էր նշաձողը, այլև այն գցում գետնին։ Այդ իրողությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանն իրեն ազատ զգաց Արցախը շրջափակելու, ապա հայաթափելու հարցում։
Ստացվում է, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում ցեղասպանական հանցագործություններ իրագործվեն։ Իսկ ինչ վերաբերում է արդեն Հայաստանի սահմաններին, ապա ԵՄ դիտորդները՝ որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, նախաձեռնեցին քաղաքացիական առաքելություն Ադրբեջանի սահմանների երկայնքով, բայց նրանք այդպես էլ որևէ փոփոխություն չմտցրեցին իրավիճակում։ Ադրբեջանը կրակում էր, երբ ցանկանում էր, պարբերաբար վիրավորներ ու զոհեր էինք ունենում։ Ու միջազգային հանրության լուռ հայացքի ներքո Փաշինյանը որոշեց նորից իջեցնել արդեն կարծես մինչև վերջ իջեցված նշաձողը, այն է՝ Տավուշի տարածքները հանձնել Ադրբեջանին։ Բայց կարծես դեռ էլի տեղ կա, և Փաշինյանը պատրաստվում է նորից իջեցնել նշաձողն ու բացեիբաց հայտարարում է դրա մասին։ Այն վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։
Փաշինյանի համոզմամբ, նոր Սահմանադրությունը միջազգային դերակատարների հետ հարաբերվելիս մեզ ավելի ճկուն կդարձնի։ Եթե խորքային մեկնաբանենք նրա այս հայտարարությունն, ապա կհասկանանք, որ նոր Սահմանադրությունը նոր նշաձողերի իջեցման պայմաններ կստեղծի, այսինքն՝ դա ոչ միայն Ադրբեջանի ու Թուքիայի նախապայմանն է, այլև հավաքական Արևմուտքի։ Մյուս նշաձողն արդեն վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Դեռ չենք խոսում այն մասին, որ ժամանակի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նշաձողերի իջեցման նոր պահանջներ դնել հայկական կողմի առաջ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է լինի անընդհատ զիջողի դերում, ու այդ առաքելությունը Փաշինյանը մեծ սիրով վերցրել է իր վրա՝ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմի հեռանկարով։ Ու այս պարագայում զարմանք է հարուցում միջազգային հանրության պատկերացումը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմից՝ բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել: Երբ Հայաստանը ագրեսիայի է ենթարկվել, հայկական տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, Արցախը հայաթափված է, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել։ Կամ Ադրբեջանն այսքան ժամանակ ի՞նչ է զիջել, որ հիմա էլ զիջի։ Ինչպես Արցախի հարցում նշաձողի իջեցման պարագայում միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում հանցագործություններ իրագործվեն, հիմա արդեն, խոսելով ծանր փոխզիջումների մասին, միջազգային հանրության ներկայացուցիչները փաստացի նպաստելու են միակողմանի զիջումների:
Մյուս կողմից էլ՝ նախանշվում է, որ կատարվող զիջումների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շահառուն առաջին հերթին Արևմուտքն է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ն, քանի որ հենց արևմտյան շրջանակների կողմից է առաջ քաշվում Եվրոպան Չինաստանին կապող այն ճանապարհի կարևորությունը, որը շրջանցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն ու Իրանը։ Ու այդ ճանապարհի մի ուղղությունն էլ պետք է անցնի Հայաստանով, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկողություն հաստատելու ախորժակ ունեն։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում