Սահմանն էնքան մոտ ա, որ երեխաների խաղալուց գնդակը գլորվի՝ կհայտնվի Ադրբեջանում․ կյանքը՝ Շուռնուխում
SOCIETYՇուռնուխի նորակառույց 13 առանձնատները վաղուց հանձնվել են շահագործման, սակայն, դրանցից 6-ում առայժմ բնակվողներ չկան։ Այս մասին հաստատեց նաև Շուռնուխի վարչական ղեկավարը, հույս հայտնելով, որ Գորիսում ապաստանած ընտանիքները բերքահավաքից հետո կվերադառնան։
«Քանի որ մարդիկ իրենց ժամանակավոր բնակավայրերում այգեգործություն են արել, հույս ունեմ, որ բերքը հավաքելուց հետո կվերադառնան արդեն իրենց նոր տներ»,- ասաց Գրիգոր Դարբինյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ Շուռնուխում կյանքն այլևս առաջվանը չէ։ Վարելահողերը, արոտավայրերը Ադրբեջանին հանձնելուց հետո՝ գյուղում կյանքը կանգ էր առել։ Անասնապահությունը, որ նախկինում հիմնական զբաղմունք էր, հիմա դրանով քիչ զբաղվողներ կան։
«Ճիշտ է ամեն օր տեսնում ենք ադրբեջանցիներին, բայց այսքան ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, անգամ ճանապարհի վրա տեղ կա, որ GPS-ով մի մասը մերն է, մի մասն իրենցը. միասին օգտվում ենք՝ իրենք մեզ վնաս չեն տալիս, մենք՝ իրենց։ Էդ ճանապարհով Շուռնուխից գնում են Չայզամիի դիրքեր, մենք էլ Կապան։ Բայց դե ամեն դեպքում պետք է զգոնությունը չթուլացնենք, վախ ու խուճապ չտարածենք»,- նշեց նա։
Դարբինյանն ասում է, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներին պետք չէ վախեցնել, նրանց մեջ կոտրել ուժեղ լինելու ձգտումը։
«Սահմանն էնքան մոտ ա, որ երեխաների խաղալուց գնդակը գլորվի՝ կհայտնվի Ադրբեջանում։ Ճիշտ է, նման դեպքում ասում եմ՝ չգնաք գնդակի հետևից, որ հանկարծ չբռնեն, չվախեցնեն, մյուս կողմից միշտ ասում եմ՝ ադրբեջանցիները մեզանից պետք է վախենան, երեխաները ոգևորվում են»,- ասաց Դարբինյանը։
Շուռնուխի դեպքերից հետո գյուղն առաջվա հարմարավետությունը չունի, բայց մարդիկ ապրում են։ Դարբինյանն ասում է, որ իրենց ցանկությամբ չեն ընտրել այս ճանապարհը, բայց ապրում են, որ իրենցով ուժեղացնեն սահմանը։
«Հիմա բոլորը «Զանգեզուրի միջանցքից» են խոսում։ Չգիտեմ, ես չեմ հավատում, որ միջանցք կբացվի։ Ավելի ճիշտ, եթե բացվի՝ համարեք Սյունիքը էլ չկա, էսքան բան»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան