Ջերմոցները տարեկան արտադրությունը կմեծացնեն մինչև 6.3 հազար տոննայով
ECONOMICSՀայաստանի ջերմոցային տնտեսություններում պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալներն, օպերատիվ տվյալներով, 2015 թ. կազմել են 23.7 հազար տոննա, որից արտահանվել է 11.3 հազար տոննան։ Կանխատեսվում է, որ 2016 թ. արտադրությունը կկազմի մինչև 30 հազար տոննա։«Անցյալ տարի ջերմոցային տնտեսությունների արտահանած 11.3 հազար տոննա պտուղ-բանջարեղենի 90 տոկոսն ուղղվել է Ռուսաստան»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ոոբերտ Մակարյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների աշխատանքն արդյունավետ է և դրանց արտադրանքի արտահանման ծավալները կաճեն նաև հետագայում։ Ռոբերտ Մակարյանի տվյալներով՝ ջերմոցներն են արտադրել 2015 թ. Հայաստանից արտահանված 1680 տոննա լոլիկի և 3850 տոննա վարունգի հիմնական մասը։ Մինչդեռ 2014 թվականին այս ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 220 տոննա և 416 տոննա։ Նոր ուղղություն է ջերմոցներում բողկի (բոլոկու) արտադրությունը. 2015 թ. արտահանվել է շուրջ 3 հազար 189 տոննա բողկ։
Անդրադառնալով Հայաստանում պտուղ-բանջարեղենի պահման սառնարանային տնտեսությունների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նշեց, որ դրանց հզորությունները կազմում են 45 հազար տոննա, որոնք հիմնականում ամբողջությամբ բեռնված են։ Նախատեսվում է, որ առաջիկայում սառնարանային տնտեսությունների թիվը և հզորությունները կավելանան: Նրա խոսքով՝ սառնարանային տնտեսությունների կառուցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի» 2015 թ. մեկնարկած երկրորդ փուլով։ «Խոսքը նաև փոքր և միջին կազմակերպությունների մասին է, որոնք ցանկանում են նորագույն տեխնոլոգիաներ ներդնել և զարգանալ՝ մեծացնելով արտադրական արժեշղթան սառնարանային տնտեսությունների հաշվին»,- նկատեց գյուղատնտեսության փոխնախարարը։
Նրա տվյալներով, միայն 2015 թ. դեկտեմբերին Հայաստանից արտահանվել է սառնարանային տնտեսություններում պահված 3.45 հազար տոննա խաղող, խնձոր, սերկևիլ, տանձ, կեռաս և արքայանարինջ: