«Դուք տեր չունեք, պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում». Բաքվից վերադարձած նախկին գերին՝ կտտանքների մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողականություն ու որևէ պատասխանատվություն չի կրում։ Հայաստան տեղափոխվելուց հետո միայն իմացա, թե ինչ ճանապարհներով են անցել մեր հարազատները»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Բաքվի բանտից ազատված ու Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից մեկը։
Նա գերեվարվել է 2022 թվականի սեպտեմբերին՝ Ջերմուկի դիրքերից։ Այժմ ազատության մեջ է, սակայն, իր խոսքով՝ դեռ լիարժեք չի ինտեգրվել հասարակությանը։
«Գերության մեջ գտնվելը դա մի ուրիշ պատմություն է, ոչ մեկին չեմ ցանկանա։ Այն վախերը, ամեն րոպե սպանվելուն պատրաստ զգացողությունները բթացրել էին ինձ։ Բայց էլի դիմադրում էինք, կուլ տալով վիրավորանքներն ու ծաղրանքը։ Մի ադրբեջանցի տղա կար, որի հետ հնարավոր էր խոսել, մեկ-մեկ ծխախոտ էր հյուրասիրում բոլորից թաքուն։ Հարցնում էի՝ «ինչի՞ համար են մեզ ծեծում ամեն օր», ասում էր՝ «մենք ևս զոհեր շատ ենք ունեցել, նրանց վրեժն ենք լուծում»»,- հիշում է նա։
Տղամարդը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են անցել գերության իր 1 տարի 3 ամիսները։
Գերեվարված հայ զինծառայողներին ստիպել են խոնարհվել ադրբեջանական դրոշի առաջ, համբուրել, ապա առավոտից երեկո կրկնել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Երևանը Իրիվան է» և այսօրինակ արտահայտություններ։
«Ճարահատյալ ասում էինք, որովհետև չասելու դեպքում չէին սպանում, այլ տանջում էին։ Պատկերացրեք, մեր ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք, չէր վերջանում օրը։ Անգամ գիշերը, հերթապահող ծառայողներն իրենց պարտքն էին համարում քնից հանել մեզ, ստիպում էին, որ վազենք։ Ասում էին՝ «դուք տեր չունեք, դուք պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում, դիակներ եք։ Աշխարհում հայ չպետք է ապրի, դուք բոլորդ պետք է կործանվեք, քարտեզի վրա Հայաստան պետություն պետք է չլինի, դա Ադրբեջանի պատմական տարածքն է»։ Մեզ ամբողջ գիշեր չէին թողնում աչք փակեինք, կանգնեցնում էին մեկ ոտքի վրա, խաղում մեր արժանապատվության հետ»,- հիշում է նա։
Գերության մեջ գտնվող հայ զինծառայողների համար ամենասպասված օրը Կարմիր խաչի առաքելության այցերի օրն էր։ Մեր զրուցակցի խոսքով՝ «այդ օրը համեմատաբար նորմալ սնունդ էին տալիս ու լավ վերաբերմունք էին ցուցաբերում», հաջորդ օրերից նորից սկսվում էր գերության տանջալից օրերը։
Մեր զրուցակցի մայրը պատմում է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո որդին անճանաչելի է դարձել։ Միայն հոգեբանի հետ 3 ամիս աշխատելուց հետո սկսել է շփվել բարեկամների հետ, մինչ այդ՝ «փակվում էր սենյակում ու ոչ մեկին չէր ուզում տեսնել»։
«Զանգերին չէր պատասխանում, ոչինչ չէր պատմում գերության օրերից։ Հիմա, փառք Աստծո, արդեն հաղորդակցվում է մարդկանց հետ, մեկ-մեկ նաև դեպքեր վերհիշում Բաքվից»,- ասաց մայրը։
Նշենք, որ գերիների ծնողները, այլ հարազատներ բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Վերջին անգամ Բաքուն 32 գերի է փոխանցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Պաշտոնական տվյալներով` 23 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ գերիների թիվը շատ ավելին է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live