Իսլանդիան մի քանի տարի անց կսկսի տիեզերքից արևային էներգիա ստանալ
ECONOMICSԻսլանդիան և Մեծ Բրիտանիան նոր նախագիծ են մշակում տիեզերական արևային էներգիայի ոլորտում։ Բրիտանական ստարտափը նախատեսում է իսլանդացիներին տիեզերքից արևային էներգիա մատակարարել մինչև 2030 թվականը, ինչը կարող է լինել վերականգնվող էներգիայի նոր աղբյուրի աշխարհում առաջին ցուցադրությունը:
Ծրագիրն իրականացվում է բրիտանական Space Solar ընկերության, Reykjavik Energy-ի և իսլանդական կայուն զարգացման նախաձեռնության Transition Labs-ի համագործակցության շրջանակներում: Այն նախատեսում է ցուցադրական արբանյակի արձակում, որը Երկիր կփոխանցի 30 ՄՎտ մաքուր էներգիա։ Սա պետք է բավարար լինի մոտ 3 տուն էլեկտրասնուցման համար:
Արբանյակը նախատեսվում է արձակել մինչև 2030 թվականը։ Այն կունենա 70,5 տոննա քաշ, 400 մ լայնություն՝ արևային մարտկոցներով և մոլորակի շուրջը պտտվելու է Երկրի միջին ուղեծրով: Սա մոտ տարածության շրջան է, որը գտնվում է 2000-ից 36000 կմ բարձրության վրա:
Բայց այս արբանյակը միայն սկիզբն է լինելու, քանի որ մինչև 2036 թ. Բրիտանիան և Իսլանդիան ցանկանում են կառուցել մի ամբողջ համաստեղություն, որը բաղկացած է տիեզերական վեց արևային էլեկտրակայաններից: Նրանք կկարողանան 1 ԳՎտ մաքուր էլեկտրաէներգիա մատակարարել Երկրի օգտատերերին 24/7 ռեժիմով՝ անկախ եղանակից։ Հավակնոտ ծրագրերը նախատեսում են, որ Space Solar-ի ուղեծրային էլեկտրակայանները մինչև 2040-ականների կեսերն արտադրեն ավելի քան 15 ԳՎտ էներգիա:
Space Solar-ը նշել է, որ փորձնական կայանի մշակումն ու արտադրությունը կարժենա 800 միլիոն դոլար: Համակարգը կտրամադրի էլեկտրաէներգիա միջուկային էներգիայի արժեքի մոտ մեկ քառորդով կամ մոտ 2,25 միլիարդ դոլար մեկ ԳՎտ-ի դիմաց՝ այն դարձնելով մրցունակ ցամաքային վերականգնվող էներգիայի հետ: Բայց միևնույն ժամանակ, ի տարբերություն Երկրի մակերևույթի ֆոտովոլտային և հողմային տուրբինների, ուղեծրային էլեկտրակայանները չեն տուժի աշխատանքի ընդհատումներից։ Նրանք անընդհատ էլեկտրաէներգիա են արտադրելու՝ անկախ օրվա ժամից և եղանակային պայմաններից։
«Տիեզերական արևն աննախադեպ առավելություններ է տալիս մրցակցային էներգիայի ծախսերով և 24/7 հասանելիությամբ», - ասել է Space Solar-ի համանախագահ Մարտին Սոլտաուն. «Reykjavik Energy-ի կողմից տիեզերական արևային էներգիայի ներուժի ճանաչումը՝ որպես էներգետիկ անցման շարժիչ ուժ, շատ կարևոր է, և մենք ոգևորված ենք համագործակցությամբ՝ հանուն կայուն ապագայի»:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Բարսեղյան