Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը
ANALYSISԲաքվում COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը կոշտացրել է հռետորաբանությունը, ընդհուպ անցել սպառնալիքներ տարածելուն, Հայաստանին մեղադրանքներ հասցեագրելուն և ռազմական նոր էսկալացիայի պատրաստվելուն։ Ըստ միջազգայնագետ Արմեն Պետրոսյանի, այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ տեղեկատվական մթնոլորտ՝ իբր Հայաստանը պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ (իրավիճակային առումով վերոնշյալը գուցե նաև «վրեժ է» COP-ին Հայաստանի չմասնակցելու համար)։ «Չնայած առայժմ պաշտոնական թեմատիկ խոսույթի բացակայությանը, այնուամենայնիվ, խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում Բաքուն ավելի կկարծրացնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը և օրակարգ կբերի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը»,- նշել է նա։
Որ Ադրբեջանը գագաթնաժողովն օգտագործելու է Հայաստանին նոր մեղադրանքներ ներկայացնելու, միջազգային ասպարեզում ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծելու համար, որևէ մեկը չէր էլ կասկածում։ Հատկապես այսօր, երբ գագաթնաժողովի արդյունքներն այնքան էլ Բաքվի սրտով չեն, նման զարգացումներն առավել քան իրական են թվում։ Հայաստանն այս պայմաններում պետք է առավելագույնս զգոն լինի, աշխատի միջազգային կառույցների ու երկրների հետ՝ կանխելու Բաքվի նոր նկրտումները։
Անի Բարսեղյան