Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


«Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականին Հայաստանում իշխանության եկած թիմը մեր երկիրը հռչակեց «ժողովրդավարության բաստիոն»։ Յոթուկես տարի անց փորձագետները փաստում են՝ ամուր քայլերով ընթանում ենք դեպի ավտորիտարիզմ։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ չգիտի աշխարհում այնպիսի ռեժիմ, որը կխոստովանի՝ ինքն ավտորիտար ռեժիմ է։ «Ավտորիտարիզմի և տոտալիտար վարչակազմերի կամ ռեժիմների տարբերությունը բավականին էական է։ Նկատել եմ՝ նրանք, ովքեր փորձում են հիմնավորել, որ Հայաստանում ավտորիտարիզմ չկա, նախանշում են տոտալիտար ռեժիմներին բնորոշ երևույթներ. իբր թե դրանք բացակայում են Հայաստանում։ Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ հիմա Հայաստանում հաստատված է տոտալիտար կամ բաց բռնապետական ռեժիմ։ Խոսքն այն մասին է, որ ավտորիտարիզմն ունի որոշակի բնորոշիչներ։ Որպեսզի տարբերենք տոտալիտար ռեժիմը, պետք է տեսնենք՝ տվյալ պետության մեջ կա՞ն, օրինակ՝ լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կամ ժողովրդավարական համակարգերին բնորոշ ինստիտուտներ։ Ավտորիտար ռեժիմի պայմաններում սրանք բոլորը գոյություն ունեն ձևական առումով, սակայն բովանդակային առումով բացակայում է դրանց բուն ֆունկցիոնալ աշխատանքը։ Օրինակ՝ գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, սակայն այն չունի վստահություն հասարակության շրջանում և գլխավորապես սպասարկում է իշխանական նարատիվներ։ Մյուսը՝ գոյություն ունի դատական համակարգ, ձևական առումով գոյություն ունեն նաև դատական համակարգի անկախությունն ապահովող կամ երաշխավորող ինստիտուտներ, բայց բովանդակային առումով սրանք քաղաքական մոտիվացված գործերով կատարում են իշխանական կամ իշխանահաճո որոշումներ։ Սրա ամենաբացահայտ դրսևորումներից մեկը, թերևս, այն է, երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է՝ Հայաստանում կա՞ այնպիսի դատավոր, որ կարող է վարչապետի ասածը չանել։ Սա ինքնին խոսում է դատական համակարգի անկախության բացակայության մասին։ Էլ չեմ խոսում դատական համակարգում գործող բազմաթիվ դատավորների նկատմամբ գործերի հարուցման մասին, որոնք պայմանավորված են եղել կամ առնվազն հարուցվել են այն դրվագներից հետո, երբ նրանք քաղաքական մոտիվացված գործերով կայացրել են ոչ իշխանահաճո որոշումներ։ Հաջորդը լրատվամիջոցներն են։ Ձևական առումով պահպանվում է լրատվամիջոցների կամ, այսպես ասենք, խոսքի ազատության իրավունք։ Սակայն սա հատվում է այն պահին, երբ իշխանությունը կամ ռեժիմը զգում է իրական վտանգ այս ինստիտուտից։ Այդ պահից սկսում է գործել ռեժիմի ռեպրեսիվ մեքենան։ Օրինակ՝ ես և դուք կարող ենք խոսել այնքան ժամանակ, քանի դեռ մեր խոսքը և գործողությունները չեն սպառնում տվյալ ռեժիմի՝ իշխանության մնալու հնարավորություններին։ Հենց տվյալ ռեժիմը մեր խոսքից կամ վարքագծից վտանգ զգաց, անպայման կսկսի մեզ լռեցնել։ Դա տեսնում ենք այն քաղաքական գործերով, ամենատարբեր ռեպրեսիվ մեխանիզմներով, որոնք արտահայտվում են Հայաստանում, այդ թվում՝ լրատվամիջոցների նկատմամբ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ երբ խոսվում է լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների մասին, ամենապարզ ռեպրեսիվ մեխանիզմն այն է, երբ լրատվամիջոցին մեղադրում են արտաքին օրակարգ սպասարկելու կամ արտաքին ազդեցության գործակալ լինելու մեջ, և լրատվամիջոցին ակնարկով հարցնում են, թե որտեղից է այն ֆինանսավորվում։

«Եթե տեսականորեն մարդկանց կարող է թվալ, որ սա ընդամենն անմեղ հարց է, ապա իրականում սա ռեպրեսիվ մեխանիզմի կամ տեխնոլոգիայի մաս է։ Այսպիսով, գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ, որտեղ դրսևորվում են ավտորիտարիզմի բոլոր էլեմենտները առանց բացառության, միաժամանակ որոշակիորեն կա խոսքի ազատության պատրանք, բայց այն հատվում է այն պահին, երբ խոսքի ազատության իրացման իրավունքը սկսում է վտանգ ներկայացնել իշխանության ռեժիմի հաստատունությանը։ Եթե հիշենք այն գործերը, որոնք հարուցում են հենց խոսքի ազատության իրացման հիմքով, ակնհայտ է դառնում, որ խոսքի ազատությունը ևս ձևական բնույթ է կրում, և այն կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև իշխանությունը դրանից վտանգ կզգա»,-նշում է մեր զրուցակիցը։

Շարունակվում է նաև իշխանությունների արշավանքը Եկեղեցու նկատմամբ։ Կեղծ «պատարագներ» եկեղեցիներում, հոգևոր դասի ներկայացուցիչների հանդեպ ոտնձգություններ՝ կալանավորումների և քրեական հետապնդումների հարուցման ձևով։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Եկեղեցին միացնել պետությանը, մինչդեռ Սահմանադրությունն է փաստում՝ Եկեղեցին ու պետությունն իրարից անջատ են։ Սահմանադրական հնարավոր փոփոխությունների պարագայում, բացի Սահմանադրության նախաբանի՝ Անկախության հռչակագրին վերաբերող մասի փոփոխությունից, փորձ կարվի՞ դիպչել Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Քաղաքագետը նկատում է՝ այստեղ կա 2 հանգամանք։ «Հանգամանքներից մեկն այն է, որ գործադիրի ղեկավարն արդեն իսկ հայտարարել է, որ պետությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա, դա նշանակում է, որ անպայման Սահմանադրության մեջ սա որևէ կերպ կարտահայտվի։ Եկեղեցին իրենց համար ինստիտուտ է, որտեղ սեփական ռեժիմի հարատևությունն ապահովելու համար ուզում են ունենալ որոշակի ազդեցություն, ինչը հնարավորություն կտա ռեժիմի շարունակական վերարտադրման համար։ Այստեղ հոգևոր բովանդակություն փնտրելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է։ Մյուս հանգամանքն այն է, որ իշխանությունը գոնե այս պահին անցել է այն գիծը, որը սահմանադրականությանն է վերաբերում։ Պարտադիր չէ լինել իրավագետ կամ սահմանադրագետ, որպեսզի տեսնենք, որ խախտված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առնվազն 17-րդ և 18-րդ հոդվածները, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպությունների ազատությանը և Եկեղեցի-Պետություն փոխհարաբերություններին։ Այս 2 հոդվածները խախտված են, ինչը իրավունքի տեսանկյունից սահմանադրական կարգի տապալման գոնե նախանշան է։ Որպեսզի սա ապագայի համար արդարացվի, իրենք մտածելու են այնպիսի հոդված, որով սա կապաքրեականացվի՝ հետագայում իրավական խնդիրների առաջ չկանգնելու համար։ Այս պահին սահմանադրական այս 2 հիմքի դեմ արդեն ոտնձգություն կատարվել է։ Ոչ թե գործ ունենք սահմանադրական կարգի տապալման կամ սահմանադրականության դեմ փորձի, այլ՝ կոնկրետ իրացված գործողության հետ։ Հետևաբար, վստահ եմ, որ հետագայում փորձ են անելու սա ապաքրեականացնել, այնպիսի հոդված ներառել, որով այլևս իշխանության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին չի լինի սահմանադրական կարգի տապալում կամ խախտում»,-հավելում է նա։ Սա այն է, ինչ կատարվում է երկրի ներսում։ Իսկ Հայաստանի շուրջ զարգացումներն ընթանում են իբր խաղաղության ճանապարհի գործարկման, պատերազմի չլինելության շուրջ։ Պողոսյանը նշում է՝ երբ ինքնաձիգերը չեն կրակում, դեռ չի նշանակում, որ խաղաղություն է։ «Ժամանակակից աշխարհում պատերազմները վարվում են ոչ միայն ռազմական ուժերի միջոցով, այլ նաև փափուկ մեթոդներով կամ ուժերով։ Այն, ինչ Հայաստանի նկատմամբ կատարվում է, շատ պարզ բացատրություն ունի գիտական առումով։ Հայաստանի նկատմամբ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, թե՛ այլ շահագրգիռ դերակատարներ կիրառում են սուր ուժ։ Այն իրենից ենթադրում է քայքայիչ գործողություններ Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, որն ինչ-որ պահի կբերի պետականության կոլապսի։ Երբ խոսում ենք «խաղաղություն, թե պատերազմ» հարացույցի մասին, շատերին թվում է, թե խոսում ենք զուտ ռազմական գործողությունների մասին, ընդ որում՝ այն, ինչ հիմա ասում եմ, Ալիևը հաստատում է իր բոլոր հարցազրույցներում, ասում է, որ այլ կերպ են պատկերացնում Հայաստանի նվաճումը՝ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Սա սուր ուժի այն ռազմավարությունն է, որը փորձում են կիրառել Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ մեծ ջանքեր չի պահանջվում մասնագիտական առումով հիմնավորելու, որ խաղաղության տարածվող նարատիվը շատ փուչ է։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը պայմանագիր չէ ժողովուրդների միջև, այն իշխող էլիտաների միջև համաձայնություն է, որը ցանկացած պահի կվիժեցվի, երբ տեղի ունենա, օրինակ՝ էլիտաների փոփոխություն, շահերի փոփոխություն, իսկ ավելի հավանական եմ համարում շահերի փոփոխության դեպքում սրա խզումն իրականության հետ, այդ թվում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում ռեժիմի փոփոխություն, որը կարող է հանգեցնել նաև արտաքին քաղաքական նպատակահարմարությունների փոփոխության։ Սա մի փաստաթուղթ է, որը ոչնչով հիմնավորված չէ։ Վերջին շրջանում փորձ է արվում ցույց տալ, թե սա նաև քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի միջև երկխոսություն է։ Նշեմ՝ Ադրբեջանում գոյություն չունի քաղաքացիական հասարակություն: Հիմա արդեն Հայաստանում էլ այլևս գոյություն չունի քաղաքացիական հասարակություն։ Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ինստիտուտների կարևորագույն էլեմենտներից մեկն է, որն ունի կոնկրետ բնորոշիչներ, և եթե գոնե մինչև 2018 թվականը Հայաստանում այն կար, դրանից հետո փոխակերպվել է և դարձել քաղաքական օրակարգերի մաս և ոչ թե քաղաքացիական հասարակության շահերի սպասարկման ինստիտուտ, ինչը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նշանակովի ինստիտուտի, այսինքն՝ այս ինստիտուտը դեֆորմացվել է։ Արտաքին շղարշ է ստեղծվում, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կա երկխոսություն, ինչն իրականում այդպես չէ։ Սրանք ընդամենը իշխող էլիտաների ներկայացուցիչների միջև հերթական կամ ոչ ֆորմալ շփումներ են, որոնց նպատակը դարձավ քարոզչական։ Ինչո՞ւ է հիմա կարևոր այդ քարոզչական բաղադրիչը, որովհետև բոլոր կողմերը՝ Հայաստանի իշխանությունները գիտակցում են (դա գիտակցում են նաև թե՛ Թուրքիայում ու Ադրբեջանում), որ 2026 թվականին կարևոր է իրենց վերարտադրումը հետագա ծրագրերի իրագործման համար»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia