Իրանը մեծ ճամփաբաժանին
ANALYSISԻրանում զանգվածային անկարգությունները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում։ Ակնհայտորեն հրահրված լինելով Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից, այսօր առավոտվա դրությամբ արդեն զանգվածային անկարգությունները տարածել են Իրանի գրեթե 280 քաղաքներում, իսկ ցուցարարներն էլ անցել են վճռական գործողությունների՝ ընդհուպ հրդեհելով կառավարական շենքեր։ Իրանում պարբերաբար ամեն տարի էլ անկարգություններ լինում են, բայց նման ծավալի հակակառավարական գործողություններ առաջին անգամ են։ Նաև առաջին անգամն է, որ ուղղակիորեն խաղի մեջ է ներդրվել Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փեհլևին, որն էլ սոցիալական ցանցերով անընդհատ կոչեր է հնչեցնում։ Արևմտյան մամուլն էլ կեղծիքներ է տարածում, իբր շահի որդին ընդդիմության առաջնորդն է և հանրության մեծ մասը աջակցում է նրան։
Կրակի վրա էլ յուղ են լցնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ սպառնալիքները։ Վերջինս հայտարարել է, որ կհարվածեն Իրանին, եթե հանկարծ Իրանի իշխանությունները ուժ կիրառեն ցուցարարների նկատմամբ։ Միացյալ Նահանգների և Իսրայելի ներգրավվածությունը ակնհայտ է, և հենց այս երկու ուժեր են առաջնահերթ շահագրգռված Իրանում իշխանությունը փոխելու։ Վենեսուելայից հետո ակնհայտ էր, որ հակաամերիկյան քաղաքականությամբ հայտնի տարբեր երկրներ հայտնվելու են Վաշինգտոնի թիրախում։ Ոչ միայն Իրանին, այլ նաև Կուբային այժմ սպառնում են, ահռելի միջոցներ են ծախսումայդ երկրներում բողոքի գործողություններ կազմակերպելու համար։
Ըստ վերլուծաբանների, Իրանը կկարողանա պատվով դուրս գալ այս բողոքի գործողություններից, առնվազն հեղափոխություն չի լինի, իսկ այաթոլաների ռեժիմը կշարունակի գործել, բայց ակնհայտորեն, Իրանը այս ամենից դուրս կգա բավականին լուրջ թուլացած, իսկ դա հենց բխում է առաջին հերթին տարածաշրջանի մյուս երկրների, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք թեպետ ոչինչ դեռ չեն ձեռնարկում, բայց և կողքից հետևում են։ Չի բացառվում, որ նաև փորձում են հրահրել։ Ի դեպ, ուշագրավ է, որ Իրանում բնակվող ադրբեջանցիները չեն մասնակցում բողոքի գործողություններին։ Դա էլ, ըստ ամենայնի, կապված է այն հանգամանքի հետ, որ Իրանի գործող նախագահը՝ Մասուդ Փեզեշքիանը, ծագումով ատրպատականցի է։ Ինչ էլ որ լինի, Իրանում կատարվողը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։
Լուիզա Կիրակոսյան



