Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին
ANALYSISՆախօրեին Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Նագպուր քաղաքում գործող Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրած կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաքումը Հայաստան իրականացվել է 2023–2024 թվականներին։ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանում։ Հայաստանի կողմից Հնդկաստանում զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։
Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ Դիմելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան «շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության համար, որը փորձում է դուրս գալ սպառազինության միջազգային շուկա»։ Կարելի է տարօրինակ համարել, որ հրթիռների առաքման գործընթացն իրականացվում է մեծ արարողությամբ, մամուլի ակտիվ լուսաբանմամբ, նախարարի մասնակցությամբ, բայց սա Հնդկաստանի կողմից ազդակ ու արձագանք է Ադրբեջանի վարած քաղաքականությանը։
Հունվարի 16-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ Ադրբեջանում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» թեմայով, որը նվիրված էր Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, կիրառվող բռնաճնշողական քաղաքականությանը։ Ալիևի վարչակազմի միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված սիկհեր։ Հիշեցնենք, Հայաստանին աջակցելու համար Ադրբեջանը նաև խրախուսում էր հակաֆրանսիական տարբեր ակցիաներ, և սա էլ դրա շարունակությունն է։ Հնդկաստանն էլ պատասխանում է բացահայտ կերպով՝ Հայաստան զինամթերք արտահանելով։
Սոնա Մուրադյան



