«Արցախի կանչ» հուշահամալիրը մեր կորուսյալ շիրիմների մարմնավորումն է, որն անտեսվեց իշխանության կողմից
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականի սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բացվեց «Արցախի կանչ» հուշահամալիրը, որը նվիրված է ոչ միայն արցախյան պատերազմների բոլոր զոհերին, այլև Արցախում հուղարկավորվածներին ու 2023 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Իհարկե, ոչ մի հուշակոթող չի կարող ամբողջովին փոխարինել շիրիմներին, սակայն այն ինչ-որ առումով մխիթարանք ու խնկարկելու կոթող է այն բոլոր մարդկանց համար, որոնք իրենց զավակների, ծնողների, եղբայրների ու քույրերի գերեզմանները թողել են Արցախում, որոնց հարազատներն անհետ կորել են թե՛ պատերազմի, թե՛ պայթյունի ժամանակ։
Այդ առումով «Արցախի կանչ» հուշահամալիրը յուրովի հավաքական շիրիմ է, որը տարբերվում է մյուսներից, քանի որ յուրաքանչյուր շիրիմում հանգչում է նահատակված հերոս, որն ունի հստակ անուն, ազգանուն, իսկ «Արցախի կանչ»-ը մարմնավորում է հազարավոր շիրիմներ ու իր մեջ ամփոփում է հազարավոր անուն-ազգանուններ։
«Արցախի կանչ»-ը տարբերվում է այլ կոթողներից այն առումով, որ յուրաքանչյուր հուշահամալիր խորհրդանշում է հստակ իրադարձություն, իսկ «Արցախի կանչ»-ը մեկտեղում է զոհերին, անհետ կորածներին ու այն շիրիմներին, որոնց վրա հարազատները չեն կարող խնկարկել ու ծաղիկ խոնարհել, ծնողները չեն կարող արտասվելով այդ կերպ հաղորդակցվել իրենց զավակների հետ, որդիներն ու դուստրերը չեն կարող «խորհուրդ» հարցնել մայր հողում հանգչող ծնողներից։ Այդ ամենին որոշ առումով փոխարինում է «Արցախի կանչ»-ը։
Հետևաբար, եթե իշխանությունները ունենային լայնախոհություն, մեծահոգություն, մարդկանց վիշտը իրոք հասկանալու ունակություն, հանրության տարբեր շերտերին իրոք հաշտեցնելու ցանկություն, մեղքի ու պատասխանատվության գիտակցում, ապա պաթետիկ ուղերձների փոխարեն կարող էին ծաղիկներ խոնարհել նաև «Արցախի կանչ» հուշահամալիրում, շեշտում եմ, որպես խոնարհում ու խնկարկում՝ Արցախում մնացած շիրիմներին։ Ու ամենևին կապ չունի, թե ով է նախաձեռնել այդ հուշահամալիրի կառուցումը, ամենևին կապ չունի, թե ով է աջակցել ստեղծմանը, այն չի մարմնավորում, ո՛չ իշխանություն, ո՛չ էլ ընդդիմություն, այն մեր վշտերի, կրկնակի վշտերի լուռ վկան է, քանի որ մեծագույն վիշտ է հարազատի կորուստը, կրկնակի ու եռակի վիշտ՝ հարազատից հետո նրա շիրիմը կորցնելը։
Կարեն Կարապետյան
Հետևեք մեզ՝ այստեղ



