Ի՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ՝ խորհրդային ժամանակներում ապրածները կհիշեն, որ գարեջրի համար յուրատեսակ էտալոն էր չեխականը: Այսպես, մի տեսակ «գլուխ գովելու» նման մի բան էր չեխական գարեջուր ունենալը: Թեպետ, հանուն արդարության, հիմա էլ չեխական գարեջրի վարկը պակաս չէ:
Չեխական գարեջրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 993 թվականով՝ Բենեդիկտյան վանքի վանականներին գարեջուր եփելն արգելող հրամանագրով։ Այսպիսով, այն կատակը, որ չեխերը հացահատիկ են աճեցրել ոչ թե հաց թխելու, այլ գարեջուր եփելու համար, այլևս այդքան էլ անիրական չի թվում։
Չեխիայում գայլուկի մշակման մասին առաջին գրավոր աղբյուրները նույնպես կապված են վանականների հետ։ Դա 1073 թվականի փաստաթուղթն է Օպատովիցեի վանքից։ Երկրի շատ վանքեր էին զբաղվում գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Դրա պատմությունը հեշտորեն կարելի է գտնել թագավորական արխիվային փաստաթղթերի միջոցով, քանի որ գարեջրագործությունը թագավորական արտոնություն էր։
Պլզենը և Բուդյովիցեն գարեջուր եփելու իրավունք են ստացել մոտավորապես 1200ական թվականներին՝ Վացլավ II թագավորի հրամանագրի շնորհիվ։ Ավելին, որպեսզի մրցակիցները չվնասեն միմյանց, միջնադարում յուրաքանչյուր գարեջրատուն պաշտպանված էր հատուկ հրամանագրով, որն արգելում էր այլ գարեջրատների կառուցումը 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ 16-րդ դարում Չեխիայում ընդունվել է «Բավարիայի մաքրության օրենքը»։ Դրա համաձայն, այդ ըմպելիքը թույլատրվում էր պատրաստել միայն գարուց, ջրից և գայլուկից։
Ի դեպ, այդ ըմպելիքի եփման տեխնոլոգիայի վերաբերյալ առաջին լուրջ գիտական աշխատանքը հրատարակվել է Պրահայում 1585 թվականին։ Այդ տեղեկատուն գրվել էր կայսր Ռուդոլֆ II-ի անձնական բժշկի կողմից։ Նշանակալի է նաև Ֆրանտիշեկ Պոպեի՝ գարեջրագործության արվեստի մասին 1794 թվականի հրատարակությունը, որտեղ նա համակարգել էր այդ ըմպելիքը եփելու տարբեր մեթոդները։ Գարեջրի թնդությունը որոշող գործիքի գյուտը ևս պատկանում է չեխի՝ Կարել Նապոլեոն Բալինգին։
19-րդ դարի սկզբին Պրահայում հիմնադրվել էր ապագա գարեջրագործներ պատրաստելու առաջին մասնագիտական դպրոցը։ Այնուհետև՝ մոտ 50 տարի անց, լույս էր տեսել համապատասխան մասնագիտական ամսագիր։ Նշանակալի է նաև չեխական գարեջրագործության համար կարևոր մի ամսաթիվ՝ Պիլզենի գարեջրատան բացումը 1842 թվականին և հայտնի Պիլզենյան «Պրազդրոյ» գարեջրի թողարկումը։ Այն արտադրվում էր Էլբեի հովտից ստացված գարու, ժատեցյան գայլուկի և մաքուր աղբյուրի ջրի միջոցով։
20-րդ դարի սկզբին Չեխիայում արդեն կար մոտ 1000 գարեջրատուն։ Հետո դրանց թիվը նվազել է, և 1940 թվականին մնացել են միայն 341-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչնչացրել է դրանց մեծ մասը, բացի դա, հետագայում ևս՝ սոցիալիստական Չեխոսլովակիայում, իրավիճակը լավ չէր։ Այսօր Չեխիայում գործում է մոտ 200 գարեջրատուն, բայց շուկայի մոտավորապես կեսը պատկանում է օտարերկրյա գարեջրագործներին՝ SABMiller, Heineken և Starbev։ Հետևաբար, եթե ցանկանում եք համտեսել իսկական չեխական գարեջուր, ապա փնտրեք միկրոգարեջրատներ և ընտանեկան բիզնեսներ, որոնցից այժմ երկրում կա մոտ 80 միավոր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



