Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ
ANALYSISՈրքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է սրվում՝ համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով։ Փաշինյանն արդեն նոր հորիզոններ է նվաճում՝ ամենօրյա պարբերությամբ տեսանյութեր տարածելով և վիրավորանքներ հասցեագրելով Սամվել Կարապետյանին։ Ընդ որում, Փաշինյանն օգտվում է իր պաշտոնական դիրքի չարաշահումից՝ տնային կալանքի տակ պահելով բարերար գործարարին և կռվելով նրա ստվերի հետ։ Ու քանի Նարեկ Կարապետյանը և «Ուժեղ Հայաստանի» այլ ներկայացուցիչներ բավականին կիրթ և կոշտ պատասխանում են Փաշինյանին, «Ուժեղ Հայաստանը» նաև ներկայացրել է իր նախընտրական ցուցակը։
Կարելի է վերապահումներ ունենալ իր ցուցակում ներկայացված անձանց, նրանց զբաղեցրած տեղի մասով։ Բայց և փաստն այն է, որ ընդդիմությունը բավականին գրագետ է աշխատում գործող իշխանությունների դեմ։ Երեկ նաև հաստատել է իր ցուցակը՝ «Հայաստան» դաշինքը։ Թեպետ մի շարք հայտնի անուններ, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, չեն լինելու, բայց և «Հայաստան» դաշինքի ցուցակն էլ քաղաքական է, կազմում պատրաստված գործիչներ կան։
Այսօր արդեն իր ցուցակն է ներկայացնելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հենց այդ երեք ուժերն են, որոնցից մահու չափ վախենում է Նիկոլ Փաշինյանը և, ամեն առիթ օգտագործելով, փորձում քար նետել այս կուսակցությունների ուղղությամբ։ Վերջին հարցումներն էլ վկայում են, որ Փաշինյանի դիրքերը բավականին թուլացել են։
Ընդդիմությունն էլ պետք է ավելի գրագետ գործի, որպեսզի թույլ չտա իր պառակտվածության արդյունքում Փաշինյանին հաջողվի կրկին վերարտադրվել։ Ի դեպ, սա հենց այն է, ինչ ձգտում է անել Նիկոլ Փաշինյանը՝ դաշտ նետելով տարբեր միավորներ և միավորումներ։ Ընդ որում, գաղափարական և մարդկային առումով իրարից խիստ տարբեր ուժեր են միավորվում՝ այդ կերպ փորձելով փոշիացնել ընդդիմության ձայները և արդյունքում արջի ծառայություն մատուցելով ընդդիմությանն ու հասարակությանը։
Աննա Մարգարյան



