Տոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել
Ապրիլի 11-ին Սիսիան համայնքի Տոլորս գյուղում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հերթական մասնաճյուղը։ Այդ իրադարձությունը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղի բնակիչների՝ հատկապես երեխաների շրջանում։ «Արմաթ»-ի նոր լաբորատորիան բացվել է Տոլորսի միջնակարգ դպրոցին կից՝ Սուքիասյան և Եգանյան ընտանիքների աջակցությամբ։ Նոր աշխատանոցը գործարկվել է ի հիշատակ տոլորսեցի մտավորական, ստեղծագործող, Տոլորսի ջրամբարի տակ մնացած եկեղեցու փոխարեն նույնանուն՝ Սուրբ Հռիփսիմե նոր եկեղեցին կառուցած Ալեքսանդր Սուքիասյանի։
Տոլորսի դպրոցում մոտ 70 աշակերտ է ուսանում։ Մեզ հետ զրույցում կրթօջախի տնօրեն Նաիրուհի Ղազարյանը նշում է, որ երեխաների թիվը դպրոցում մեծանում է՝ ամեն տարի մոտ տասը աշակերտ է հաճախում առաջին դասարան։ Գործում են նաև արտադպրոցական խմբակներ։ Տիկին Ղազարյանն ասում է, որ երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ժամանակակից տեխնոլոգիաների՝ հատկապես ծրագրավորման և ռոբոտաշինության նկատմամբ։ Այդ առումով նույնպես «Արմաթ» աշխատանոցի բացումը սպասված իրադարձություն էր տոլորսեցիների համար։
«Արմաթ»-ը Հայաստանի կրթական համակարգում արտադասարանային զբաղվածության ձևաչափով ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր է, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։ Նախագիծն ազդեցության մեծ ներուժ ունի սոցիալական արժեքների կերտման ասպարեզում։ Ակնկալվում է, որ նմանատիպ կրթական համակարգը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կառողջացնեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում։
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացումը նոր շունչ է տալիս գյուղին, ասում են գյուղացիները։ Երիտասարդ ծնողներն ուրախ են, որ իրենց զավակները նոր գիտելիք ստանալու լավ հնարավորություն ունեցան։ Տոլորսի դպրոցականներմ արդեն հասցրել են ծանոթանալ լաբորատորիայի աշխատանքին ու առաջարկներին։ Երեխաներն ասում են, որ մեծ սիրով կհաճախեն դասերին՝ փորձելով իրենց խոսքն ասել ժամանակակից գիտության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում.



