Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի
ANALYSISԵվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է, որ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում։ Ըստ այդ փաստաթղթի՝ առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։
Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։
Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։ Գործող իշխանությունները Ադրբեջանի պահանջներին համապատասխան ցանկանում են սահմանից հեռացնել Եվրամիության դիտորդներին, իսկ նոր առաքելությունը բոլորովին այլ գործառույթներ կունենա և առաջին հերթին ուղղված կլինի հենց Ռուսաստանի դեմ, որտեղից, իբր, բխող հիբրիդային սպառնալիքների դեմ էլ պայքարելու է։
Փաստացի ինքնիշխանության մասին ճամարտակող իշխանությունը հենց ինքն է երկրի ինքնիշխանությունը դնում Եվրամիության ոտքերի տակ՝ նրանց բավականին լայն լիազորություններով օժտելով ընդհուպ մինչև հայ երկրի առանցքային տեղեկատվական անվտանգության հարցերում։ Իհարկե, Փաշինյանը փորձելու է սա ներկայացնել որպես առանձնահատուկ դիվանագիտական ձեռքբերում։ Բայց և ակնհայտ է, որ սա որևէ կապ չունի լավ դիվանագիտության հետ․ պարզապես Եվրամիությունը կրկին ամրապնդվում է Հայաստանում՝ ի հաշիվ Հայաստանի ռազմավարական դաշնակիցների, իսկ հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետությունը։
Մոնիկա Կիրակոսյան



