«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման Վարդանյան
Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիին։
Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է նախընտրական խոստումների, սոցիալական նախաձեռնությունների, կարգախոսների և աղմկահարույց քաղաքական հայտարարությունների վրա։ Սակայն գրեթե չի քննարկվում իշխող ուժի ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու այսպես կոչված «բարեփոխման» փորձը, դրա ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը, ինչպես նաև եկեղեցական կառավարման սկզբունքների փոփոխությունը։
«Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համակիրները, միշտ համարել և շարունակում եմ համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր՝ հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»,- «Փաստ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արման Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձի մասին չէ, այլ այն սկզբունքների, որոնց վրա դարեր շարունակ գոյատևել է Հայ Առաքելական եկեղեցին։
«Խնդիրը այն հոգևոր, բարոյական և ազգային հիմքերի մեջ է, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը նույնիսկ պետականության բացակայության ժամանակաշրջաններում»,- նշել է նա։
Արման Վարդանյանի խոսքով՝ հենց Հայ Առաքելական եկեղեցին է դարերի ընթացքում պահպանել հայոց լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունն ու ազգային միասնությունը՝ հայկական պատմության ամենածանր ժամանակահատվածներում։
«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե առանձին անձանց, այլ հայ ժողովրդի հոգևոր և ազգային հիմքերի դեմ է», - ընդգծել է «Միասնություն» շարժման առաջնորդը։
Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրող, ով քվեարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, պետք է հասկանա, որ դրանով փաստացի աջակցում է տվյալ քաղաքական ուժի ամբողջ նախընտրական ծրագրի իրականացմանը։
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մանրամասն չի ուսումնասիրում կուսակցական ծրագրերը և հիմնականում կողմնորոշվում է ակտիվորեն առաջ մղվող թեմաներով՝ սոցիալական բարեփոխումներով, առողջապահությամբ, խաղաղության պայմանագրով և այսպես կոչված «եվրաինտեգրմամբ»։
Արման Վարդանյանը նաև ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները որպես Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու «ժողովրդական մանդատ» ներկայացնելու ցանկացած փորձ անլեգիտիմ է։
«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության, Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա անլեգիտիմ»,- հայտարարել է նա։
«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»,- ընդգծել է Արման Վարդանյանը։



