Նիկոլ Փաշինյանը չի՞ մասնակցի ընտրություններին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ լայն քննարկումների տեղիք են տվել քաղաքական և մասնագիտական շրջանակներում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարում է, որ այդ ելույթները կարող են կասկածի տակ դնել ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը Հայաստանում։
Մասնավորապես, մայիսի 20-ի հանրահավաքի ժամանակ, ըստ «ՀայաՔվեի», Փաշինյանը հրապարակային կերպով ակնարկ է արել, որ ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Այդ կապակցությամբ միավորումը կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դատարան դիմել՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածության գրանցումը չեղարկելու պահանջով։
«Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը նշել է, որ նման պահանջի հիմքում դրված են Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ։ Նրա խոսքով՝ օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասը նախատեսում է, որ եթե նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները շարունակական բնույթ ունեն և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։
Չալաբյանը հիշեցրել է նաև Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որով արգելվում է վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզարշավի ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի հայտարարությունները հենց վարչական ռեսուրսի կիրառման դրսևորում են եղել։
«Երբ քարոզարշավի ընթացքում հայտարարվում է, որ հաջորդ օրը իրավապահ մարմինները պետք է վարույթ նախաձեռնեն քաղաքական մրցակցի նկատմամբ, դա վարչական լծակների կիրառման ակնհայտ օրինակ է։ Բացի այդ, վերջին օրերին հնչել են նաև այլ հայտարարություններ՝ մրցակիցներին «սատկացնելու», Գագիկ Ծառուկյանից ցեմենտի գործարանը վերցնելու վերաբերյալ, որոնք ևս կարող են դիտարկվել որպես քաղաքական ճնշման տարրեր»,- նշել է Չալաբյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը կրում է շարունակական բնույթ, և հենց այդ պատճառով «ՀայաՔվեն» ակնկալում է, որ ԿԸՀ-ն կօգտագործի օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
Չնայած այն հանգամանքին, որ «ՀայաՔվեն» ընտրական գործընթացում հանդես չի գալիս որպես առանձին սուբյեկտ և չի իրականացնում դիտորդական առաքելություն, միավորումը պատրաստվում է իր դիրքորոշումը փոխանցել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Չալաբյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են դիմել հատկապես «Բարգավաճ Հայաստանին», որը, ըստ նրանց, տվյալ իրավիճակի անմիջական տուժած կողմն է, որպեսզի վերջինս պաշտոնապես դիմի ԿԸՀ։
«Սակայն նույնիսկ առանց նման դիմումի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է ինքնուրույն արձագանքել և համապատասխան որոշում կայացնել»,- ընդգծել է Ավետիք Չալաբյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



