«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը
Ադրբեջանում հերթական անգամ պետական աջակցությամբ առաջ է մղվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը, որը Երևանում և բազմաթիվ փորձագիտական շրջանակներում դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ուղղված քաղաքական և քարոզչական ծրագիր։
Այս օրերին Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի ընթացքում հնչեցված հայտարարություններն ու ներկայացված խորհրդանիշները հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվում Հայաստանի տարածքների նկատմամբ պատմաքաղաքական պահանջների ձևավորման քաղաքականությունից։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Պաշտոնական ձևակերպումների համաձայն՝ փառատոնի նպատակն է պահպանել «Արևմտյան Ադրբեջանի» պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև դրանք փոխանցել ապագա սերունդներին։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են քարտեզներ և պատկերներ, որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մոտեցումը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի պետական քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկը և պարբերաբար օգտագործվում է ինչպես պաշտոնական ելույթներում, այնպես էլ տարբեր հանրային միջոցառումների ժամանակ։
Փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի» մարզիկները, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի մայրաքաղաքի անվանումը ադրբեջանական տարբերակով ներկայացնելու քաղաքականությունը շարունակվում է տարբեր հարթակներում։
Առավել ուշագրավ են եղել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունները։ Նա նշել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին։ Նրա խոսքով՝ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։
Ադրբեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը փաստում է, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման ներկայացվում է ոչ թե որպես առանձին հասարակական նախաձեռնություն, այլ որպես պետական մակարդակով աջակցվող քաղաքական ուղղություն։
Փորձագետների գնահատմամբ՝ նման միջոցառումները միտված են միջազգային և ներքին լսարանների համար ձևավորել այնպիսի պատկերացում, թե Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային վերադարձի հարցը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական օրակարգի կարևոր մաս։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նույնաբովանդակ միջոցառում ընդամենը օրեր առաջ անցկացվել էր նաև Նախիջևանում։



