Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան
Որոշ իրավապահ մարմինների և ԿԸՀ-ի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք է հայտնել Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ի բակում ճեպազրույցի ժամանակ։
«Մինչև օգոստոսի 2-ը ԱԺ-ում ներկայացվածություն ունեցող ուժերը ի՞նչ պետք է իրականացնեն․ կազմակերպչական բնույթի, խմբակցության կազմավորման և նախապատրաստական աշխատանքներ։ Ի վերջո, դա ենթադրում է ԱԺ առաջին նստաշրջանի նիստերի անցկացում։ Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել։ Ասում են՝ գիտեք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց տանենք կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Հենց այս աբսուրդը բացառելու համար ՍԴ-ն դեռևս 2021 թվականի դեկտեմբերին՝ թիվ 16-19 որոշմամբ, ուղիղ արձանագրել էր, որ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող գտնվել ազատազրկման պայմաններում, նրա ազատությունը չի կարող սահմանափակվել։ Կա մեկ բացառություն՝ ԱԺ-ի համաձայնությամբ, ինչպես այդ գործընթացը քանիցս տեսել եք։ Հիմա ԿԸՀ-ն, դատախազությունը, վստահ եմ, մի քանի ժամ անց նաև քննչական մարմինը պետք է փորձեն ՍԴ որոշումը խախտելուն ուղղված գործողություններ կատարել։ Բայց կանխավարկածը ո՞րն է։ Օրինակ՝ ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պետք է կաշկանդված լինի ոչ թե դատախազության ցանկություններով, այլ ՍԴ որոշմամբ։ Բայց իրավիճակն այլ է»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների պատկերացմամբ՝ պատգամավորի կարգավիճակն ու պատգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը նույնական են։
«Հետևաբար, ՍԴ որոշման ուժով օգոստոսի 2-ին անձը չի կարող լինել անազատության մեջ՝ ելնելով նրանից, որ պատգամավոր է և լիազորություններ է ստանձնել։ Սակայն ՍԴ-ն, որը պետք է լինի այս հարցերին պատասխան տվող մարմինը, օգտագործել է ոչ թե «լիազորությունների ստանձնում», այլ «պատգամավորի կարգավիճակ» եզրույթը։ Սա նշանակում է, որ այն, ինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի և Հայկ Սուքիասյանի նկատմամբ, իրավաբանությունից դուրս է, իրավունքից դուրս է, օրենքից դուրս է, ողջամտությունից դուրս է, բայց ավարտ է ունենալու, վստահ եղեք»,- ասել է նա։
Վարդևանյանը հավելել է, որ դատախազությունը դեռ հուլիս ամսից պնդում է, թե շատ կարևոր է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հետապնդում իրականացվի։
«Ստացվում է, որ այսքան շաբաթ հետո իրենք դեռ խոսում են ինտենսիվության մասին։ Ստացվում է՝ հուլիսի 13-ին նախորդած ժամանակահատվածը կարծես հուլիսի 1-ն է եղել, երբ նույն բովանդակությամբ կրկին միջնորդություն էին ներկայացրել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ասում եմ՝ բա ի՞նչ եղավ այդ 12 օրը, չէ՞ր քանդվում երկիրը, գործը, քրեական վարույթը և այլն։ Հիմա էլ հուլիսի 13-ից հետո ևս այսքան օր է անցել, բայց իրենք նույն տոնայնությամբ խոսում են ինտենսիվության, քրեական վարույթի և այլնի մասին։ Նարեկ Կարապետյանը, իմանալով, որ ԿԸՀ-ն հրապարակայնորեն ներկայացրել է, որ իր վերաբերյալ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել, և թեև ԿԸՀ-ն այն վերադարձրել է, դա իրավական տեսանկյունից չի նշանակում, որ վարույթն անհետացել է։ Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել։ Չնայած դրան՝ նույն դատախազները նույն տոնայնությամբ շարունակում են արտահայտել նույն մտքերը։ Ցավով եմ ասում այս ամենը»,- ասել է նա։



