Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարդիկ հաճախ են օգտվում դայակի ծառայություններից: Սակայն, սովորական դայակներից զատ, կան նաև... ռադիոդայակներ: Դա մի կոմպակտ սարք է, որը փոխանցում է ձայները հեռավորության վրա: Այն օգտագործվում է երեխային վերահսկելու համար, երբ ծնողները չեն կարող մոտակայքում լինել: Այդ սարքը բաղկացած է երկու բլոկից՝ միկրոֆոնով բլոկը տեղադրվում է երեխայի սենյակում, ընդունիչով բլոկը նախատեսված է ծնողների համար։ Ռադիոդայակը թույլ է տալիս լսել այն ամենը, ինչ անում է երեխան: Սարքն ունի գործողության մեծ շրջանակ: Ժամանակակից ռադիոդայակներն ունեն բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ՝ տեսահսկում, երկկողմանի կապ, ջերմաչափում, խոնավության սենսոր, երաժշտություն, գիշերային լույս, ցուցիչ լույսեր, ձայնի ճանաչման համակարգ և այլն: Նման սարքն անհրաժեշտություն է հաստ պատերով և բարդ հատակագծով բնակարաններում, ինչպես նաև առանձնատներում։
Նման օգտակար գյուտը համեմատաբար նոր պատմություն ունի։ Ըստ որոշ աղբյուրների, այն ստեղծվել է 1930 թվականին ամերիկյան Fisher-Price ընկերության աշխատակից Նորման Էմերիկի կողմից: Կա նաև կարծիք, որ ռադիոդայակի հայտնվելուն նպաստել է 1932 թվականին Ամերիկայում տեղի ունեցած մի տխուր պատմություն: Ատլանտյան օվկիանոսն առաջին անգամ միայնակ հաղթահարած օդաչու Չարլզ Լինդբերգի ընտանիքից երեխա են գողացել: Առևանգողները փրկագին են պահանջել մեկուկես տարեկան տղայի համար, սակայն պահանջվող գումարը ստանալուց հետո հանցագործները սպանել են երեխային։ Ծնողներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ General Electric ինժեներական ընկերության աշխատակիցները ձեռնամուխ են եղել այնպիսի սարքի հայտնագործմանը, որը ծնողներին թույլ կտա հեռվից լսել, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ Սարքի մշակման համար պահանջվել է մոտ հինգ տարի: Արդյունքում ռադիոդայակը վաճառքի համար հասանելի է դարձել ամերիկյան խանութներում 1937 թվականին: Այդ առաջին սարքը կոչվում էր «ռադիոբուժքույր»: Դրանք չափազանց պարզ էին և իրենց գործառույթներով նման էին այն ժամանակվա սովորական ռացիաներին: Հաղորդիչից ստացվող ազդանշանը փոխանցվում էր տնային էլեկտրական ցանցի միջոցով: Սարքն անկատար էր, քանի որ այն չէր ապահովում ազդանշանի գաղտնիությունը: Այն ժամանակ հնարավոր չէր ռադիոդայակը գործարկել ձայնով, և չկային այլ օգտակար գործառույթներ։
Սկզբում նման սարք դժվար էր գտնել, միևնույն ժամանակ այն բավականին թանկ էր (մոտ երեք հարյուր դոլար, որն այն թվերին ահռելի գումար էր)։ Իհարկե, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ունենալ այն։ Ռադիոդայակը հանրությանը հասանելի և հայտնի է դարձել միայն 1980 թվականին: Սարքն արդեն կատարելագործվել էր, և ռադիոալիքներն սկսել էին օգտագործվել որպես հաղորդող ազդանշան։ Ներկայում ժամանակակից ռադիոդայակները շատ ավելի բարդ և ֆունկցիոնալ են, քան իրենց նախորդները: Ազդանշանն այլևս չի փոխանցվում բաց ձևաչափով առանց կոդավորման, ինչպես նախկինում: Ժամանակակից տեխնոլոգիաները լիովին պաշտպանում են ազդանշանը երկու բլոկների միջև և դարձնում հաղորդակցությունը անվտանգ և գաղտնի: Ամեն տարի ռադիոդայակների մոդելները բարելավվում են՝ շարունակելով ուրախացնել երեխաներին և օգնել ծնողներին: Այժմ շուկայում կան թվային անլար մանկական ռադիոդայակներ, որոնք օգտագործում են DECT, որը թույլ է տալիս ձայնային ազդանշան փոխանցել մինչև 300 մետր շառավղով: Իսկ դրանց գները կախված են արտադրողից (ապրանքանիշից) և լրացուցիչ գործառույթների քանակից:
Հասկանալի է, որ այդ սարքը չի կարող փոխարինել դայակներին, և դրանք կարելի է համարել ռադիոհսկիչներ, սակայն դրանից նրանց կարևորությունը չի նվազում, և մարդիկ գնալով ավելի հաճախ են դիմում դրանց օգնությանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



