Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Սկելետոնը բավականին վտանգավոր սպորտաձև է: Արագությունը, որը մարզիկը զարգացնում է ուղու վրա, այն դարձնում է տպավորիչ, իսկ զառիթափ շրջադարձերը թվում են մահացու: Արդյունքների անկանխատեսելիությունը և հաղթողի կոչման համար անողոք պայքարը սկելետոնի տարբերակիչ գծերն են, քանի որ երբեմն վայրկյանի հարյուրերորդականներն են որոշում հաղթողին: Բայց, չնայած դրան, այդ սպորտաձևը հեռու է ամենատարածվածը լինելուց:
Ենթադրվում է, որ այդ սպորտաձևը հորինել են Կկանադայի հնդկացիները, որոնք լեռներից իջել են փայտե սահնակներով՝ առանց վազքաձողերի։ Նման սահնակները կոչվում էին «տոբոգաններ»: Դրանց մասին հիշատակումները նկարագրված են 16-րդ դարի գրականության մեջ։ Զբոսաշրջիկների համար որպես ժամանց առաջին մրցարշավները կազմակերպվել են Շվեյցարիայում։ 1883 թվականին նման զվարճանքը շատ տարածված էր։ Իսկ ընդհանրապես, ընդունված է, որ սկելետոնի պատմությունը սկսվել է Մարկ Կորմիկ անունով սիրողական մարզիկի շնորհիվ, որը 1887 թվականին որոշել էր գլուխն առաջ ուղղած սահել սահնակային ուղիով: «Սկելետոն» անվանումն առաջացել է 1892 թվականին, երբ Չայլդը հորինել է մետաղից պատրաստված իր նոր սահնակը, որն ուներ կմախքի ձև։ 1905 թվականին բոբսլեյի մրցույթում տեղի է ունեցել սկելետոնի առաջին ցուցադրությունը։ Հաջորդ տարի առաջնություն է անցկացվել Ավստրիայում։ 1928 թվականին սկելետոնը և բոբսլեյը ներառվել են 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ցանկում, սակայն 1948 թվականին՝ 5-րդ օլիմպիական խաղերից հետո, սկելետոնը դուրս է մնացել օլիմպիական ծրագրից մինչև 2002 թվականը։
Ներկայում սկելետոնը զարգանում է աշխարհի շատ երկրներում:
Սկելետոնի համար նախատեսված առաջին սպորտային ուղին եղել է սառցե կիսախողովակ, որի կենտրոնում տեղադրված էր երկու ռելս։ Հիմնական պայմանը կատարյալ հարթ մակերեսն էր, քանի որ մարզիկի արագությունը և, ամենակարևորը, նրա կյանքը կախված էր դրանից: Երկարությունը պետք է լիներ առնվազն 1200 մետր, իսկ երթուղու հատվածների բարձրության աստիճանը չպետք է լիներ 12 %-ից ավելի: Վազքուղում սահնակը կառավարվում էր մարմնի քաշով և շիպեր ունեցող հատուկ կոշիկներով։
Սկելետոնի սահքի մեկնարկից առաջ ազդանշան է հնչում, որից հետո մարզիկը վազում է մոտ 30 մետր՝ արագացնելով սահնակը, և երբ հասնում է որոշակի արագության, արագ պառկում է նրա վրա՝ գրավելով օպտիմալ դիրք։ Այն բանից հետո, երբ մարզիկը հատում է քրոնոմետրի ճառագայթը, սկսվում է ժամանակի հաշվարկը: Իջնելիս արագությունը կարող է հասնել 140 կմ/ժ-ի, ինչը ծայրաստիճան վտանգավոր է. սովորական մայրուղու վրա ավտոմեքենայի արագությունը միջինը 150 կմ/ժամ է։
Մարզիկի քաշի հետ կապված կան որոշակի կանոններ: Կանանց մրցումներում սահնակի և մարզիկի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 92 կգ-ը, տղամարդկանց համար՝ 115 կգ-ը: Մյուս կողմից՝ եթե մարզիկի ու սահնակի ընդհանուր քաշը չի հասնում թույլատրելի առավելագույնի, ապա թույլատրվում է սահնակին ամրացնել լրացուցիչ կշիռներ։ Տրամաբանությունը բավականին պարզ է. որքան ծանր է սահնակը, այնքան ավելի արագ է սահում։ Մրցույթի յուրաքանչյուր մասնակից ունի երկու մրցավազքի իրավունք: Վերջնական արդյունքը որոշվում է երկու փորձի ընդհանուր գումարի հիման վրա: Սկելետոնի սահուղին ունի 20 կտրուկ շրջադարձ: Այդ շրջադարձերում մարզիկները զգում են նույն ծանրաբեռնվածությունը, ինչ տիեզերագնացները: Հաշվարկել են, որ եթե սահուղին լիներ ուղիղ, ապա սկելետոնի արագությունը կհասներ Boeing-737-ի արագությանը, այն է՝ 250 կմ/ժ-ի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



