Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղեն
SOCIETYՍեպտեմբերի 4-ին Տավուշի մարզում բնակարանային գողության դեպք է արձանագրվել։ Ժամը 19:10-ի սահմաններում Նոյեմբերյանի ոստիկանության բաժին է դիմել մարզի բնակավայրերից մեկի 39-ամյա բնակչուհի Աիդա Բ.-ն՝ հայտնելով, որ իր տնից գողություն է կատարվել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին կինը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան բաց պատուհանից մուտք են գործել երկհարկանի առանձնատուն, խուզարկել սենյակները և հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկեղեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել հյուրասենյակի պատուհանից, այնուհետև առաջին հարկի ննջասենյակի զգեստապահարանից վերցրել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղեն։
Դեպքի առթիվ համապատասխան ընթացակարգով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ։ Իրավապահները պարզում են գողության հանգամանքները, ինչպես նաև այն անձի կամ անձանց ինքնությունը, որոնք կարող են առնչություն ունենալ դեպքին։
Past.am-ը նշում է, որ տուժած կինը աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։
Գողության դեպքի վերաբերյալ քննությունը շարունակվում է։



