Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով
POLITICSԱրևմուտքն ակտիվորեն խեղաթյուրում է ճշմարտությունը, սակայն իրականությունը կհաղթանակի և պատասխան կլինի արևմտյան տեղեկատվական ագրեսիային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով «Կեղծ լուրերի մասին երկխոսություն 4.0» միջազգային ֆորումում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես ամենևին չեմ կասկածում, որ ի վերջո ճշմարտությունը կհաղթի և կդառնա համարժեք պատասխան համաշխարհային մեծամասնության երկրների, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է, դեմ Արևմուտքի տեղեկատվական ագրեսիային»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ ճշմարտությունը խեղաթյուրելու ուղղությամբ Արևմուտքի գործողություններն արտացոլում են նաև ավելի լայն միտում։ Լավրովի խոսքով՝ դա ազնիվ մրցակցության վախն է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։
«Տնտեսության մեջ Արևմուտքն անկեղծորեն պարտվում է, ընդ որում՝ պարտվում է այն համակարգի շրջանակներում, որն ինքն էր ստեղծել և երկար տասնամյակներ գովազդել մեր մոլորակի մյուս բոլոր երկրներին»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նշել է, որ ազատ մրցակցությունը, սեփականության անձեռնմխելիությունը, շուկայական ուժերի ազատ խաղը և այլ սկզբունքներ զոհաբերվեցին ակնթարթորեն, հենց որ Արևմուտքը հասկացավ, որ համաշխարհային մեծամասնության երկրները, առաջին հերթին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ինչպես նաև արագ զարգացող այլ տնտեսություններ, հաղթում են Արևմուտքին հենց նրա դաշտում, նրա իսկ կանոններով։



