Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ
SOCIETY«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է փոխել տարկետման գործընթացը։
Մասնավորապես, տարկետումը դադարեցնելու հարցը յուրաքանչյուր ուսանողի դեպքում կառավարության առանձին որոշմամբ լուծելու փոխարեն գործառույթն առաջարկվում է վերապահել զինվորական կոմիսարիատին։
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Գործող կարգավորմամբ՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական՝ ԲՏՃՄ ուղղություններով, պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։
Տարկետումը տրամադրվում է կառավարության որոշմամբ։
Քաղաքացին ուսումնառության ընթացքում որոշակի պայմանների պահպանման դեպքում չի զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության։ Տարկետումը պայմանավորված է նաև ուսանողի՝ բուհում ուսումնառությունը շարունակելու հանգամանքով։
Եթե քաղաքացին բուհից հեռացվում կամ ազատվում է, օրինակ՝ ակադեմիական անբավարար առաջադիմության,
օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու, բուհի կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ բուհի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով, կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։
Այս պահին տարկետումը դադարեցնելու որոշումը նույնպես կայացվում է կառավարության որոշմամբ։
Բուհից հեռացված կամ ազատված ուսանողի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարությունը մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացնում տվյալ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ։ Յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է առանձին նախագիծ, քանի որ բուհերից ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարություն է ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ սա հանգեցնում է նրան, որ նույնիսկ մեկ քաղաքացու տարկետումը դադարեցնելու համար անհրաժեշտ է Կառավարության առանձին որոշում։
Նախագծով առաջարկվում է տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացում փոփոխություն կատարել։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից կհանվի այն դրույթը, որով ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հարցը կապվում է կառավարության որոշման հետ։ Նախատեսվում է, որ համապատասխան կարգավորումների փոփոխությունից հետո հնարավոր կլինի տարկետումը տրամադրելու և դադարեցնելու գործառույթը վերապահել զինվորական կոմիսարիատին։ Այսինքն՝ բուհից հեռացված կամ ազատված յուրաքանչյուր ուսանողի տարկետումը դադարեցնելու համար այլևս անհրաժեշտ չի լինի կառավարությանը առանձին որոշման նախագիծ ներկայացնել։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվող փոփոխության նպատակն է կարգավորել տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացը և այն դարձնել ավելի անմիջական։
Փոփոխություն է նախատեսվում նաև օրենքի 25-րդ հոդվածում՝ տարկետման համապատասխան հիմքերի շրջանակը հստակեցնելու նպատակով։ Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև կառավարության՝ 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ, որով կարգավորվում են համապատասխան գործընթացները։
Փոփոխության ընդունման դեպքում բուհից հեռացված կամ ազատված ուսանողի համար տարկետման իրավունքի կորուստը չի վերանում։ Փոխվում է հիմնականում այն հարցը, թե ով և ինչ ընթացակարգով է դադարեցնում արդեն տրամադրված տարկետումը։ Փոփոխությունը նախատեսում է այդ տարկետման դադարեցման գործընթացը Կառավարության առանձին որոշումից տեղափոխել զինվորական կոմիսարիատի մակարդակ։
Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունումից հետո փոփոխություններ պետք է կատարվեն նաև կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։



