ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվեն
Վաղը՝ Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, նախատեսված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցի վերաբերյալ նոր հանրային լսումներ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նույն հարցով հանրային լսումներ էր անցկացրել նաև 2026 թվականի հուլիսի 28-ին։
Նախորդ լսումները տևել էին շուրջ 15 րոպե և անցկացվել էին ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչների բացակայությամբ և վերջիններիս ուղղակի իրազեկում իրականացված չլինելու պայմաններում:
Հատկանշական է նաև, որ նախորդ լսումներին ներկա չէին որևէ շահագրգիռ հասարակական կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ զանգվածային լրատվության միջոցներից մասնակցում էր միայն «Ազատություն» ռադիոկայանը:
Միաժամանակ պարզ չէ, թե ինչով է պայմանավորված նույն հարցով երկրորդ հանրային լսումների անցկացումը։
Կարելի է ենթադրել, որ այս անգամ ընկերության սեփականատերերի ներկայացուցիչներին ուղղակի իրազեկելու միջոցով փորձ է արվում գործընթացին հաղորդել օրինական շղարշ:
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը դեֆակտո ազգայնացված է և հիմա այդ գործընթացի իրավական ձևակերպման գործընթացն է իրականանում, նման պայմաններում, ընկերության սեփականատերերի ներկայացուցիչների մասնակցությունը երկրորդ անգամ իրականացվող ձևական լսումների կարող է ընկալվել որպես գործընթացի լեգիտիմացմանը նպաստող քայլ։



