Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ Գարիկ Հակոբյանի, ով ավելի շատ հայտնի է Լունայի Գարիկ մականունով, և Բենո Սարգսյանի նկատմամբ։
Նրանք կասկածվում են հոկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրում ինքնաձիգից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, ովքեր այնուհետև ռուսական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի դատարանի նստավայրում դատարանի նախագահ Գեղամ Մարգարյանի կողմից դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և ստահակները դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը նաև կայացրել է խիստ որոշում՝ սահմանափակելով ցանկացած շփում, այցելություն, հեռախոսային զանգ, հեռախոսից օգտվելու հնարավորություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայտնաբերվել է նաև «Hyundai»-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ



