Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
INTERNATIONAL NEWSՄայամիում հանդիպել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, Եվրահանձնաժողովի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման մասին հայտնել է X սոցիալական հարթակում՝ քննարկումները բնութագրելով որպես կառուցողական։
Կողմերն անդրադարձել են ձմռանը նախապատրաստվելու միջոցառումներին՝ ներառյալ Ուկրաինայի էներգետիկ համակարգի դիմակայունությունն ու հացահատիկի արտահանումը։
Քննարկվել են նաև անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երկարաժամկետ պայմանավորվածությունները, տնտեսական զարգացումը և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։
«Մտքերի փոխանակումն արդյունավետ էր և օգնեց հստակեցնել հետագա ուսումնասիրության ուղղությունները՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հաջորդ շփումներից առաջ»,– նշել է Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ մասնակիցները վերահաստատել են կայուն խաղաղության հասնելու համար դիվանագիտական ջանքերը շարունակելու իրենց հանձնառությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



