Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 12-ին հայտարարել է Բելիզի արտաքին գործերի նախարար Ֆրենսիս Ֆոնսեկայի և Պարագվայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գուստավո Վիլյատեի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ինչպես հաղորդում է Global Times-ը, պատժամիջոցները ներառում են «Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններ մուտքի և վիզայի տրամադրման արգելք, ինչպես նաև Չինաստանում նրանց շարժական ու անշարժ գույքի և այլ ակտիվների սառեցում»։
Բացի այդ, չինական կազմակերպություններին և քաղաքացիներին արգելվել է գործարքներ իրականացնել կամ համագործակցել նշված պաշտոնյաների հետ։
Չինաստանի ԱԳՆ-ի հրապարակած երկու առանձին հայտարարությունների համաձայն՝ վերջին տարիներին Բելիզի և Պարագվայի որոշ քաղաքական գործիչներ, «եսասիրական նկրտումներից ելնելով, հետևողականորեն աջակցել են իրենց երկրների՝ Չինաստանի Թայվանի շրջանի հետ, այսպես կոչված, «դիվանագիտական հարաբերությունների» պահպանմանը»։ Պեկինի գնահատմամբ՝ նրանք նաև մի շարք գործողություններ և հայտարարություններ են արել Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ, որոնք հակասում են երկրի առանցքային շահերին։



