Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա
INTERNATIONAL NEWSԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու առևտրային նավի վրա Սև ծովում, Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում։ Բուլղարիայի իշխանությունների տվյալներով՝ «Azov Concord» նավը խորտակվել է Կրապեց առողջարանային բնակավայրից 27 կմ հեռավորության վրա։ «Chelsea 3» նավի վրա հարձակում է տեղի ունեցել Բյալա քաղաքից 24 կմ հեռավորության վրա, սակայն այն կարողացել է հասնել նավահանգիստ։
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ի գիշերը «Chelsea 3» նավից տարհանվել է 15 նավաստի, հաղորդում է BNT-ն։ Խմբի կազմում եղել են Ուկրաինայի յոթ և Ադրբեջանի ութ քաղաքացիներ. նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Վարչապետի խոսքով՝ նավը գրանցված է Օդեսայի նավահանգստում և նավարկել է Մալթայի դրոշի ներքո։ Հարձակումից հետո «Chelsea 3»-ը կայանել է Վառնայի նավահանգստում։ Փրկված նավաստիները հայտնել են, որ իրենց վրա միաժամանակ հարձակվել են երեք անօդաչու թռչող սարքեր։
Ինչ վերաբերում է խորտակված «Azov Concord»-ին, որը նավարկելիս է եղել Սենթ Քիթս և Նեւիսի դրոշի ներքո, հաղորդվել է անձնակազմի մեկ անդամի փրկվելու մասին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան կկանչվի երկրի արտաքին գործերի նախարարություն։ Իշխանությունները նաև մտադիր են խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Այս նոր միջադեպերը տեղի են ունեցել Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում «Alfa Watan» և «Able» նավերի վրա կատարված հարձակումներից մեկ շաբաթ անց։ Երկրի իշխանությունները հետաքննության հարցում օգնություն են խնդրել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից։



