Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջ
SOCIETY
Նյու Յորքի բնակիչ Դեյմոն Ֆոյը կարող է դատապարտվել մինչև 23 տարվա ազատազրկման՝ նախկին ընկերուհու սպանության և մարմնի անդամահատման համար։
Ըստ լրատվամիջոցների՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2024 թվականի գարնանը։ Այդ ժամանակ 44-ամյա Ալբերտա Դեյլի հարազատները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով նրա անհետացման մասին։ Կնոջ մեքենան հայտնաբերվել է նրա նախկին ընկերոջ՝ 50-ամյա Դեյմոն Ֆոյի տան մոտ։
Հարցաքննության ընթացքում տղամարդը խոստովանել է, որ սպանել և անդամահատել է նախկին ընկերուհուն։ Տան խուզարկության ժամանակ իրավապահները կնոջ մարմնի մնացորդների մի մասը, այդ թվում՝ գլուխը, հայտնաբերել են պահարանում դրված ճամպրուկում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ճամպրուկի մեջ նաև ծաղիկ է եղել։
Ֆոյը, մեկնաբանելով իր արարքը, հայտարարել է, որ Դեյլն իրեն «հիմարի» և «ծույլի» տեղ էր դնում։
Past.am-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցները նաև հայտնում են, որ տղամարդը նախկինում դատապարտվել է նույն կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Գործի շրջանակում քննարկվում է Ֆոյի նկատմամբ պատժի հարցը։ Past.am-ը կհետևի դատական գործընթացի զարգացումներին։



