Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի
SOCIETYՓաստաբան Ինեսսա Վարդյանը ահազանգել է Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում 12-ամյա երեխայի նկատմամբ պարբերաբար բռնության և բուլինգի ենթարկվելու մասին։
Փաստաբանի փոխանցմամբ՝ երեխայի ծնողի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ միջադեպերի հետևանքով անչափահասը ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ և գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք ու սալջարդ։ Երեխայի մարմնի վրա, ըստ ծնողի, եղել են նաև ցուցափայտի հարվածների հետքեր։
Ինեսսա Վարդյանը դիմել է դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել երեխայի անվտանգությունն ապահովելու և բռնության հետագա դեպքերը կանխելու ուղղությամբ։ Փաստաբանը նաև հետաքրքրվել է՝ արդյոք միջադեպերի վերաբերյալ տեղեկացվել են իրավասու մարմինները։
Վարդյանի խոսքով՝ ծնողի փոխանցմամբ՝ միջադեպերից մեկի մասնակիցը ուսուցչուհիներից մեկի թոռն է։ Փաստաբանը հայտնել է նաև, որ երեխան արդեն մի քանի օր հրաժարվում է դպրոց գնալ, իսկ դպրոցի ներկայացուցիչներից որևէ մեկը, ըստ ընտանիքի, նրանց հետ կապ չի հաստատել։
Past.am-ի փոխանցմամբ՝ փաստաբանը շեշտել է, որ աշակերտների անվտանգությունն ապահովելը դպրոցի օրենսդրական պարտականությունն է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք դպրոցը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, և արդյոք առկա է այդ պարտականության հնարավոր թերացման հարցը իրավական գնահատման ենթարկելու անհրաժեշտություն։
Այս պահին ներկայացված տեղեկությունները փաստաբանի և ծնողի փոխանցած տվյալներն են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է նաև դպրոցի և իրավասու մարմինների դիրքորոշումը։
Past.am-ը կհետևի թեմայի զարգացումներին և կներկայացնի նոր տեղեկություններ դրանց ի հայտ գալուն պես։



