Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
POLITICSՓաշինյանի խոսքով՝ միայն հայկական կողմն է դրանում շահագրգռված, բայց դա չի նշանակում, որ աշխարհի մնացած բոլոր գործիչները և պետությունները շահագրգռված են խաղաղությամբ։
«Կան բազմաթիվ հայտարարություններ, գործոններ, որոնք չեն բռնում խաղաղության հետ։ Բարդությունը դրա մեջ է. եթե ամեն ինչ բռներ խաղաղության հետ, խաղաղություն լիներ, խաղաղության անհրաժեշտություն չէր լինի։ Քաղաքական գործչի, առաջնորդի, կառավարության գործն այն է, որ այդ միջավայրում կարողանա հասնել նրան, ինչը դժվար է թվում կամ անգամ՝ անհնար։ Ես չափազանցություն չէի անում, երբ ԱԺ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասում էի, որ ամեն հայտարարությամբ կարելի է քարուքանդ անել խաղաղությունը, բայց մեր ռազմավարությունն ուրիշ է։ Մենք մեր ժողովրդի առաջ ստանձնել ենք, որ պիտի լինի խաղաղություն, ուրեմն պետք է լինի խաղաղություն, և մենք շահագրգիռ ենք խաղաղությամբ, բայց դա չի նշանակում, որ աշխարհի մնացած բոլոր գործիչները և պետությունները շահագրգռված են դրանով։ Մենք ունենք խնդիր և պետք է գնանք այդ խնդիրը լուծելու՝ մեր ժողովրդի և մյուսների հետ երկխոսության միջոցով»,- այսօր կառավարությունում Փաշինյանն այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե ինչպես է պատկերացնում հայ-ադրբեջանական համատեղ խաղաղությունը, եթե Բաքվից պաշտոնական մակարդակով և անգամ նախագահի կողմից պարբերաբար Հայաստանի հասցեին ֆաշիզմի, ագրեսիայի, Արցախն օկուպացնելու, ադրբեջանցիներին ցեղասպանելու և էթնիկ զտման ենթարկելու մեղադրանքներ են հնչում։
Նշենք, որ մինչ Փաշինյանն ուղիղ եթերներով փորձում է հայ ժողովրդին ներկայացնել, թե անձամբ ինքն ինչպես է պատկերացնում խաղաղության տեսքը, Բաքվում խորհրդաժողովի ժամանակ Ալիևը ֆաշիստ, ագրեսոր է անվանում Հայաստանին՝ նշելով, թե ոչ ոք չդատապարտեց Հայաստանին Ադրբեջանի դեմ ագրեսիայի համար, Եվրոպան մշտապես թիրախավորում էր ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին։ Ալիևը Եվրոպային է մեղադրել արցախյան վերջին պատերազմի համար՝ ասելով, թե եթե Եվրոպան օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար ժամանակին դատապարտեր Հայաստանին, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ոտնատակ անել հայկական ֆաշիզմը։
ՔՊ-ականների խաղաղության թեզերին հակասող ոչ միայն հայտարարություններ են հնչում հարևան Ադրբեջանից, այլ նաև հայկական ինքնությունը ոչնչացնելու մոլուցքով իրականացվող քայլեր, ինչպես՝ Արցախում հայկական հետքն իսպառ վերացնելու ուղղությամբ կատարվող վանդալիզմը, ադրբեջանցի փախստականների կեղծ հանրույթ ձևավորելը և նրանց վերադարձի պահանջը միջազգային ատյաններում ներկայացնելը, Հայաստանի ինքնիշխան տարածքները օկուպացնելն ու դրանցում ամրաշինական աշխատանքներ կատարելը, և վերջապես՝ Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով վերացնելը՝ փաստացի վերջ դնելով նաև Հայաստանի Հանրապետության ձևավորման համար հիմք ծառայող փաստաթղթին։
Փաշինյանն, իհարկե, այդքան միամիտ չէ և ինքն էլ հոգու խորքում լավ հասկանում է, որ Ադրբեջանն ամենևին մտադիր չէ տևական խաղաղության, և եթե իր պահանջները Հայաստանը հոժարակամ չկատարի, ապա դրանք Ալիևը կբավարարի նոր ագրեսիայի միջոցով՝ արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ որոշակի զիջումների գնով՝ առայժմ փորձում է պահպանել իր բնորոշմամբ չափազանց փխրուն խաղաղությունը, որը ոչ մի իրավական հիմք չունի և այնքան երերուն է, որ Փաշինյանն էլ է գիտակցում՝ ամեն անզգույշ հայտարարություն ու հակադարձում Բաքվի լկտի բանաձևումներին կարող է շարժել Ալիևի անզուսպ զայրույթը և պայթեցնել ՔՊ-ականների խաղաղության փուչիկը։
«Աշխարհի մնացած բոլոր գործիչները և պետությունները» ասելով՝ Փաշինյանը միանշանակ նետը Ալիևի կողմն է ուղղում՝ ակնհայտորեն հասկացնելով, որ հենց Ալիևն է շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատման և վերջապես Փաշինյանի բաղձալի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու մեջ, որքան էլ Հայաստանը միակողմանիորեն քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ ու տարատեսակ զիջումների գնա՝ տուրք տալով Ալիևի պահանջներին։ Բայց մեր «տղան» դրանից, պարզվում է, չի ընկրկում և, իրեն սուպերհերոսի տեղ դրած, ուզում է ցույց տալ իրեն քվե տված ընտրազանգվածին, որ ինքը կարող է «կոտրել» Ալիևի կամքը և նրան խաղաղություն պարտադրել։ Այն երկչոտ Փաշինյանը, որը վախենում է անգամ Ալիևի ուսի վրայից փոշին թափ տալ, հիմա եկել ու կառավարության ամբիոնի մոտ «առյուծ է կտրել»՝ բոլորիս համոզելու փորձեր անելով, թե ինքն այնքան հմուտ դիվանագետ ու ստրատեգ է, որ ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորությունն աներկբա կատարելու է, և թող ոչ ոք դրանում չկասկածի։
Վատն այն է, որ Հայաստանում դեռ կա հոծ զանգված, որն իրոք հավատում է, թե Փաշինյանը հենց այդ գերհերոսն է, որը կարող է խոստացած խաղաղությունը բերել մեր երկրին՝ 35 տարվա հրադադարից հետո։ Նրանց համար անգամ դաս չեղավ, որ Փաշինյանը նույնիսկ Արցախը չկարողացավ պահել ու խայտառակ ձևով տանուլ տվեց 44-օրյա պատերազմը՝ զոհաբերելով հինգ հազար հայորդիների կյանքն ու ապագան։ Դաս չեղավ, որ նա անգամ արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը չկարողացավ պաշտպանել Ալիևի մոտ և նպաստեց նրանց բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը։ Դաս չեղավ, որ նա, անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքները չկարողանալով պաշտպանել, թույլ տվեց, որ թշնամին դրանցում առաջանա, ամրակայվի ու Հայաստանը պահի «ափի մեջ»՝ ռազմավարական բարձունքներում դիրքավորվելով։
Հիմա, եթե Փաշինյանն այդ զանգվածի համար է նման հայտարարություններ անում, դրա կարիքը չկա, քանի որ նրանց հավատքն իրենց առաջնորդի հանդեպ աներեր է, իսկ բարիկադների մյուս կողմում կանգնածները վաղուց են հասկացել, որ Փաշինյանն ամենևին էլ առյուծի սիրտ չունի, և նա ընդամենը Հայաստանում Ալիևի վերակացու է աշխատում՝ հաշվի առնելով, որ Ալիևի երբեմնի երազանքներն է ի կատար ածում տարածքային ու իրավական զիջումների ձևով։



