Նոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համար
SOCIETYՆոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով։ Առանց դրանց մեքենա վարելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք։ Սակայն եթե խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնեք և նույն ժամկետում ապացույցը ներկայացնեք լիազորված մարմնին, կազատվեք նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջները սահմանված են կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով (ձմեռային դողերի պահանջները լրացվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն որոշմամբ, որը գործում է 2024 թվականի դեկտեմբերի 10-ից), իսկ պատասխանատվությունը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով։
Ե՞րբ և որ մեքենաների համար են ձմեռային դողերը պարտադիր
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ արգելվում է շահագործել թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաները, եթե դրանց վրա տեղադրված չեն ձմեռային դողեր։
3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների և ավտոբուսների համար այլ կանոն է սահմանված. 4.9.1 նշանի ազդման գոտում, երբ ճանապարհի ծածկույթին ձյուն կամ մերկասառույց կա, դրանք պետք է երթևեկեն հակասահքային շղթաներով, որոնցով պետք է կահավորված լինեն առնվազն երկու տանող անիվները։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ մեքենայի սեփականատերը պարտավոր է ապահովել մեքենայի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի։
Բավակա՞ն է ձմեռային դողեր տեղադրել միայն երկու անիվին
Ոչ։ Շահագործումն արգելվում է, եթե ձմեռային դողերը կամ բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման դեպքում) տեղադրված են մեքենայի ոչ բոլոր անիվների վրա։ Արգելվում է նաև նույն սռնու վրա տեղադրել, մասնավորապես, բութակավոր և չբութակավոր կամ ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն դողեր։
Նախշանկարի ո՞ր բարձրության դեպքում է արգելվում ձմեռային դողի շահագործումը
Շահագործումն արգելվում է նաև, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհին երթևեկելիս ձմեռային դողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 մմ է կամ պակաս (մաշվածության ինդիկատորի բացակայության դեպքում)։ Խոսքը վերաբերում է ներսում ձյան փաթիլով եռագագաթ լեռան խորհրդանիշով և դրա հետ համատեղ «M+S», «M&S» կամ «MS» տառերով մակնշված ձմեռային դողերին։ Այս անսարքությունը բացահայտվում է տեխնիկական ախտորոշիչ գործիքների միջոցով։
Իսկ բութակավոր դողերը ե՞րբ են արգելված
Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին արգելվում է շահագործել մեքենան, եթե դրա վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր։
Որքա՞ն է տուգանքը, և ինչպե՞ս կարելի է դրանից ազատվել
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5 000 դրամ։
Նույն հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվության չենթարկվելու կամ նշանակված տուգանքը չվճարելու հնարավորություն.
խախտումը հայտնաբերելիս լիազորված պաշտոնատար անձը վարորդին իրազեկում է խախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին,
եթե վարորդն իրազեկումից անմիջապես հետո սկսում է խախտումը վերացնելուն ուղղված գործողություններ, արձանագրություն չի կազմվում,
եթե խախտումն անմիջապես վերացնել հնարավոր չէ, կազմվում է արձանագրություն և նշանակվում է տուգանք, սակայն եթե վարորդը հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտումը և նույն ժամկետում ապացույցը ներկայացնում է լիազորված մարմնին, նա ազատվում է նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից, որի մասին կազմվում է արձանագրություն, և դրա պատճենը տրվում է վարորդին։
Եթե խախտումը հանգեցրել է վթարային իրադրության, կարող է կիրառվել նաև օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասը, որով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման հետևանքով վթարային իրադրություն առաջացնելու համար նախատեսված է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։ Իսկ եթե օրենքի պահանջների կամ երթևեկության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 29 000 դրամ տուգանք։
Ամփոփում
Ամփոփելով՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով, ձմեռային դողերը պետք է տեղադրված լինեն բոլոր անիվներին, պահանջները խախտելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք, որը վճարելու պարտականությունից կարելի է ազատվել՝ խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնելով և նույն ժամկետում ապացույցը լիազորված մարմնին ներկայացնելով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



