Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր
SOCIETYԵրևանի կենտրոնում՝ Սախարովի հրապարակից դեպի Վարդանանց փողոց տանող հատվածում, խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով արդեն երկրորդ օրն է՝ ջուրը ողողում է ճանապարհը և մոտ մեկ կիլոմետր հոսելով՝ հասնում Խանջյան փողոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչների խոսքով՝ վթարը նկատել են հոկտեմբերի 16-ի առավոտյան՝ ժամը 06։00-ի սահմաններում, և անմիջապես ահազանգել «Վեոլիա Ջուր» ընկերություն։ Նրանց փոխանցմամբ՝ ընկերությունից հայտնել են, որ մասնագետների խումբը կմոտենա, սակայն մինչև հոկտեմբերի 17-ը վթարը դեռ չէր վերացվել։
Ըստ աղբյուրի՝ ջուրը մի քանի հատվածից է դուրս գալիս։ Եթե վթարը ժամանակին չվերացվի, ջրի կորուստը կարող է ավելանալ, իսկ ճանապարհով անցնող բեռնատարների պատճառով կա նաև ճանապարհի փլուզման վտանգ։
Բնակիչները կոչ են արել Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին և «Վեոլիա Ջրին» անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վթարը վերացնելու համար։



