Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
SOCIETYՍեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 12-ամյա աշակերտը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ժամը 16։00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածը Երևանի բնակիչ, 12-ամյա Մ․ Հ․-ն է։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դասամիջոցի ընթացքում որդին վիճաբանել է Ա․ Խ․-ի, Ա․ Պ․-ի, Գ․ Ա․-ի և Հ․ Մ․-ի հետ։ Մոր փոխանցմամբ՝ վիճաբանության ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Past.am-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում միջադեպին առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Դեպքի առնչությամբ հանգամանքները պարզվում են։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա ընթացքին և պաշտոնական նոր տեղեկություններին։



