Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին
INTERNATIONAL NEWSՕրերս կայացած Mining Armenia Forum 2026-ի շրջանակներում Լիդիան Արմենիայի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերից մեկը՝ Մատնունի ծիրանավոր (Potentilla Porphyrantha) բուսատեսակի գիտահետազոտական ուսումնասիրության, վերարտադրության և երկարաժամկետ պահպանության ծրագիրը, հաղթող է ճանաչվել Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցույթում։
Այս ծրագիրը Լիդիան Արմենիան իրականացնում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Treweek բնապահպանական խորհրդատվական ընկերության և Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ՝ ներգրավելով հայաստանյան և միջազգային առաջատար գիտնականների։
Դեռևս 2012 թվականին Ամուլսարում իրականացված կենսաբազմազանության ելակետային տվյալների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավորի՝ մինչ այդ անհայտ պոպուլյացիա։ Արդեն ավելի քանի տասը տարի ընկերությունը` գործընկերիների հետ, հետևողական աշխատանք է իրականացնում բուսատեսակի ուսումնասիրության և պահպանության ուղղությամբ՝ ներդնելով շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար։
Ջոն Հոբբսի անվան մրցանակը Լիդիան Արմենիայի՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում ձևավորած առաջատար փորձի և ավելի քան տասնամյա հետևողական աշխատանքի կարևոր ճանաչումն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են հանքարդյունաբերական ընկերությունները գիտահեն մոտեցումների, միջազգային համագործակցության և նպատակային ներդրումների միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանությանը։
Այս ձեռքբերումը հատկապես խորհրդանշական է Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համատեքստում՝ ընդգծելով պատասխանատու հանքարդյունաբերության և կենսաբազմազանության պահպանության համատեղելիությունը։
Լիդիան Արմենիան այսուհետ ևս շարունակելու է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր նախաձեռնությունները՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և Հայաստանի բնական ժառանգության պահպանության երկարաժամկետ հանձնառությամբ։



